
Երևանի Կիլիկիա ավտոկայանից մոտ 60 տեղանոց երկու խոշոր ավտոբուսները լեցուն ուղևորներով ճանապարհվում են Արցախ։ Շտապում են լույս օրով տեղ հասնել։ Ճաշելու համար մեկ կանգառ է նախատեսված՝ Եղեգնաձորում։ Աղավնոյի անցակետում ռուս խաղաղապահներն են տեղակայվել։
«1980-ականներին ընտանիքս Սումգայիթի ցեղասպանությունից մազապուրծ հասել է Հայաստան, այնուհետև տեղափոխվեցինք Ստեփանակերտ ու ամեն ինչ զրոյից սկսեցինք։ Այժմ նույն իրավիճակում ենք։ Տարբեր երկրներում ականազերծող եմ եղել։ Բազմամյա փորձս կփորձեմ ծառայեցնել Արցախում, որտեղ իմ մասնագիտության կարիքն այժմ ավելի շատ է զգացվում։ Հույս ունեմ, որ կառավարությունը նույնպես կընդառաջի։ Ցանկանում ենք նաև հասարակական հիմունքներով ստեղծել ականազերծող խումբ։ Ընտանիքս առայժմ սպասում է իմ որոշմանը։ Ապագայի ծրագրերը հիմնականում պայմանավորված են աշխատանք ու փոքրիշատե ապրուստի միջոցներ ունենալու հետ»,-պատմեց մեր ուղեկիցը։
Երեկոյան ավտոբուսները հասնում են Ստեփանակերտ՝ կանգառը Վերածննդի հրապարակ։ Այստեղից շրջանների բնակիչներին ավտոբուսները տեղափոխում են իրենց բնակավայրեր։
Վան Նովիկով