Կլաուդիո Մարկիզիո
«Երկար տարիների ընթացքում Ջիջին «Յուվենթուսի» ամենակարևոր օղակն էր ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում։ Արտակարգ ֆուտբոլիստ ու մեծ մարդ։ Հենց նրա պրոֆեսիոնալիզմն ու անընդհատ զարգանալու ցանկությունը նրան օգնել են խփել Ա սերիայի բոլոր ռեկորդները։
Լուիջի դի Բիաջջո
«Վերջին ժամանակներս նորաձև է դարձել «նոր Բուֆոններ» գտնելը։ Ես համարում եմ, որ դա անօգուտ զբաղմունք է։ Նա անթերի է ամեն ինչում։
Մորգան դե Սանկտիս
«Ես կարող էի Բուֆոնին սովորեցնել արժանապատվորեն պարտվել։ Հուսով եմ, որ մի անգամ նա ինձ կսովորեցնի, թե ինչպես է պետք հաղթել»։
Ստեֆանո Ստուրարո
«Նա իսկական լեգենդ է։ Նա կերտել է «Յուվենթուսի» ու Իտալիայի հավաքականի պարտությունը։ Նրա նմաններն այլևս չկան։ Նա նմանակման լավագույն օրինակն է»։
Մանուել Նոյեր
«Այն, որ նա 41 տարեկան հասակում շարունակում է բարձր մակարդակով խաղալ, պարզապես անհավանական է։ Այնպես, ինչպես նա է ղեկավարում թիմը, ինչպես խաղացողներն են լսում նրան, խորհուրդներ հարցնում… Բուֆոնը կուռք է ֆուտբոլիստների այսօրվա սերնդի համար։ Ես կարծում եմ, որ նա հեշտությամբ կարող է խաղալ մինչև 50 տարեկանը»։
Ալդո Սպինելլի («Լիվորնո» ֆուտբոլային ակումբի նախագահ)
Ես նման բան չեմ տեսել։ Յուվենթուս-Լիվորնո խաղի ժամանակ, որը տեղի ունեցավ 2009թ. սեպտեմբերի 19-ին, նա հետ մղեց ամեն ինչ։ Նա պարզապես մեզ դատապարտեց պարտության։ Բուֆոնն իտալական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահն է։
Իկեր Կասիլիաս
«Ինձ ու իմ սերնդի համար նա ընդմիշտ կմնա՝ որպես նմանակման օրինակ։ Իմ կարիերայի սկզբում ես շատ էի ուզում նրան նմանվել։ Եվ ամեն անգամ ես մեծ հաճույք եմ ապրում, երբ նրան հանդիպում եմ ֆուտբոլային խաղադաշտում»։
Մարկո Մատերացի
«Ջիջին միշտ իմ մրցակիցն է եղել խաղադաշտում։ Հաճախ մենք վիճել ու կռվել ենք խաղադաշտում, բայց այդ մարդուց հնարավոր չէ նեղանալ։ Ես կասկած չունեմ, որ նա բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է։
Իվան Ռակիտիչ
«Ես արտասվում էի Իտալիա-Շվեդիա խաղը դիտելիս։ Անարդար է, որ այդ մեծության աստղն այդպես ավարտեց իր կարիերան ազգային հավաքականում։ Եթե նա խորվաթ լիներ, ապա ես նրան կտայի իմ տեղն Աշխարհի 2018թ. առաջնությունում, որ ևս մեկ անգամ վայելեի այն դարպասապահի խաղը, որին մանկությունից պատկերացրել էի իմ երազանքի թիմում»։
Ջանլուիջի Դոննարումա
«Բուֆոնը պարզապես լավագույնն է՝ ինչպես դաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Ես հիանում եմ խաղի ընթացքում նրա հանգստությամբ, յուրաքանչյուր խաղում խաղալու ցանկությամբ, նրա՝ մարզումների նկատմամբ ցուցաբերած լրջության համար։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք ազգային հավաքականի հավաքների ժամանակ, Բուֆոնը միշտ մարզումներին առաջինն էր ներկայանում ու վերջինն էր գնում»։
Ալվարո Մորատա
«2016թ. մենք Սկուդետտոն հաղթեցինք Գերմարդու սեյվերի շնորհիվ…»։
Ֆրանչեսկո Տոտտի
«Ես հաճախ եմ հիշում 2006թ. մեր ամառային գիշերները։ Ինչպես ենք գլխավերևում պահում Աշխարհի գավաթը, ինչպես ենք տոնում, գրկախառնվում… Շնորհակալություն քեզ, Ջիջի, դու լավագույն ընկերն ու մրցակիցն ես իմ կյանքում»։
Անդրեա Անյելլի
«Դժվար է բառեր գտնել, եկեք սկսենք թվերից։ Բուֆոնն Իտալիայի առաջնության 9-ակի չեմպիոն է, Ա սերիայում երբևէ հանդես եկած բոլոր դարպասապահների մեջ ռեկորդսմեն՝ անցկացրած խաղերի քանակով (639 խաղ)։ Նա առանց գնդակ բաց թողնելու, այսպես ասած՝ «չոր սերիայի» հեղինակն է՝ դարպասն անառիկ պահելով 974 րոպե անընդմեջ։ 89 անգամ Իտալիայի ազգային հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել՝ որպես թիմի ավագ։ Նա իր փայլուն կարիերայի 22 տարիների ընթացքում 26 տիտղոս է նվաճել։ Ջիջին խարիզմ է, ազնվություն, թափանցիկություն ու ամբիցիոզություն։ Նա իսկական ընկեր է։ Նա ապրել է դրախտում, ընկել հատակը, բայց թիմի հետ միասին՝ կրկին բարձրացել ու հասել գագաթին։ Մենք նրան միշտ պարտական ենք լինելու»։
Անդրեա Պիրլո
«Դուք երբեք չեք կարողանա կռահել, թե Բուֆոնը երբ կավարտի իր կարիերան։ Նա այնպիսի մարզավիճակում է գտնվում, որ երբեմն ինձ թվում է, որ կարող է հավերժ խաղալ»։
Քրիստիան Աբյատտի
«Անկասկած, նա պատմության լավագույն դարպասապահն է։ Բուֆոնը Մեսսին է՝ դարպասապահների աշխարհում»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը