Հայաստանում 2008 թվականից իրականացվող աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագիրը մոտենում է ավարտին: Ծրագրի հերթացուցակում գտնվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը վերջնական փուլում է: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
«Այս տարվա ընթացքում պետությունը նախատեսել է 3 մլրդ դրամ ֆինանսավորում, որով Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ևս 229 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի: Այդ աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին: Սկզբում փաստաթղթավորման աշխատանքներն են, հետո՝ բուն շինարարական: Մենք արդեն համայնքներում ունենք տարբեր աստիճանի շենքեր: Կան և ավարտվածներ, կան, որ մոտ են այդ փուլին: Աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտին հասցնելուց հետ կհանձնվեն շահառուներին»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Նշված 229 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելուց հետո, կհամարվի, որ 2008 թվականին մեկնարկած, պետական ծրագրի շահառուների ցանկում հերթագրված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական ծրագիրն ավարտվում է: