Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,

Պատերազմի արհավիրքից հետո ցավի, մտահոգության և տագնապի ծանր օրեր ենք ապրում։ Հազարավոր մեր հերոս զավակների նահատակությունը, պատմական Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին վտանգի առավել մեծ սպառնալիքը ալեկոծել են մեր հոգիները, խաթարել համերաշխությունը և ազգային միասնականությունը հայրենիքում ու սփյուռքում։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել հայրենի մեր երկիրը՝ կենսական դարձնելով հառնած լրջագույն մարտահրավերների հրատապ լուծման անհրաժեշտությունը։

Օրեցօր բարդացող իրավիճակի առնչությամբ քննարկումներ ենք անցկացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ։ Հանդիպումներ ենք ունեցել նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, քաղաքական ու ազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համընդհանուր համոզումն է, որ օրհասական այս կացությունը պետք է իր հանգուցալուծումը գտնի բացառապես սահմանադրական ճանապարհով, ազգային համերաշխության ու ողջախոհության պայմաններում։

Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Հայրական Մեր պատգամն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին, իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դժվարին այս օրերին զերծ մնալ բռնություն հրահրող և ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։ Ազգովին համախումբ ջանք և ներդրում բերենք առկա ճգնաժամի հաղթահարմանն ի նպաստ։ Մեր նահատակ հերոսների վառ հիշատակը և նրանց նվիրական տեսիլքները իրագործելու սրբազան ուխտը մեր սրտերում՝ միաբանվենք ու գործենք հանուն մեր հայրենիքի լուսավոր գալիքի, հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի։

Աստված պահապան և օգնական մեր ժողովրդին և հայրենիքին։

«Վերջ. ամեն ինչ ասված է…»,- ֆեյսբուքյան էջում գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

 



Նման նյութեր