Լիբիան գրավել է Ճամայկայի դրոշով ներկայացած թուրքական նավ
Advertisement 1000 x 90

Լիբիան գրավել է Ճամայկայի դրոշով ներկայացած թուրքական նավ

Արևելքում գտնվող լիբիական ուժերը գրավել են թուրքական նավ, որը շարժվել է դեպի Արևմտյան Լիբիայի Միսրատա նավահանգիստ և ներկայացել Ճամայկայի դրոշով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ ալ Միսմարին:

Նա հայտնել է, որ Մաբրոուկա առևտրային բեռնանավի վրա եղել է 17 անձ, այդ թվում Թուրքիայի 9 քաղաքացի, ինչպես նաև տարաներ, որոնց պարունակության մասին դեռևս տեղեկություններ չեն տրվել: Նա նաև հավելել է, որ Լիբիայի ազգային բանակի ուժերը նավը կանգնեցրել են Դերնայի արևելյան նավահանգստի մոտ:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից դեռևս հայտարարություն չի արվել:

Ազգային համաձայնության կառավարության և Լիբիայի զգային բանակի միջև 2020 թվականի հոկտեմբերին կնքվել է զինադադար, իսկ Միավորված ազգերի կազմակերպությունը խթանում է քաղաքական երկխոսությունը, որի նպատակն է Լիբիայում մյուս տարի անցկացնել ընտրություններ, որոնց նպատակն է վերջ տալ Լիբիայում տիրող հակամարտությանը: Սակայն երկու կողմերն էլ հրաժարվել են վերջնականապես դուրս բերել զորքերը, իսկ արդեն դեկտեմբերի 6-ին Լիբիայի ազգային բանակը գրավել է ռազմական ճամբար: Թուրքիան Արևմուտքում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության հիմնական օտարերկրյա դաշնակիցն է, որը տարիներ շարունակ պայքարում է արևելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի դեմ: Դեկտեմբերի 7-ին Ահմեդ ալ Միսմարին էլ մեղադրել է Թուրքիային Ազգային համաձայնության կառավարության ուժերին զենք մատակարարելու մեջ:

Լիբիայի ազգային բանակին աջակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը:

Մերի Վարդումյան



Նման նյութեր