Google ընկերությունը կազմել է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դիզայներների վարկանիշը՝ հիմնվելով օգտատերերի որոնողական հարցումների վրա: Ընդամենը ցուցակում տասը դիրք է: Այդ մասին հայտնել է Entertainment Weekly-ն:
Առաջին տեղում մոդելագործ Ռեյչել Ռոյն է, որը 2005 թվականից սեփական բրենդի ներքո թողարկված իրեր է վաճառում: Ժողովրդականության վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել են դերասանուհիներ և դիզայներներ Մերի Քեյթը և Էշլի Օլսենը, իսկ երրորդում՝ ամերիկուհի Անջելա Սիմոնսը: Նաև ցուցակում տեղ են գտել դերասանուհի Զենդայան, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քայլի Ջենները, երգչուհի Բեյոնսեն, որը հագուստի հատուկ հավաքածու է թողարկել իր ալբոմի՝ Lemonade-ի լույս տեսնելու առթիվ», և մոդել Անիտա Դոնգրեն:
Ժողովրդականությամբ ութերորդը ֆրանսիացի կուտյուրիե և սեփական նորաձևության տան հիմնադիր Սոնյա Ռիկելն է, որին նորաձևության աշխարհում անվանում էին «տրիկոտաժի թագուհի»: Նախավերջին հորիզոնականը բաժին է ընկել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, որի բիզնեսը քանիցս տուժել է նրա հոր արած կտրուկ արտահայտությունների պատճառով:
Վարկանիշի վերջին տեղում ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթն է: Իր մոդելային կարիերան նա սկսել է՝ համագործակցելով adidas Originals-ի հետ: Ներկայում նա արդեն թողարկել է հագուստի մի քանի սեփական հավաքածուներ: