Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների
Advertisement 1000 x 90

Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների

Հոլիվուդյան աստղերն անտարբեր չեն մնացել Ադրբեջանում պահվող եւ տանջանքների ենթարկվող հայ ռազմագերիների խնդրին: Foxla.com կայքը գրում է՝ հայտնիները կոչ են անում ազատել մոտ 110 հայ ռազմագերիների, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ:

Կայքը հավելում է՝ չնայած 44 օր տեւած պատերազմն ավարտվել է մոտ 3 շաբաթ առաջ՝ բազմաթիվ տեսանյութեր վկայում են այն մասին, որ հայ ռազմագերիները մինչ օրս տանջանքների են ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Ամերիկահայ երգչուհի Շերը, որի պապը եւս Հայոց ցեղասպանության վկա էր, խոսել է ներկայում տիրող խնդրի մասին՝ կոչ անելով համաշխարհային լիդերներին իրենց ուշադրությունը հրավիրել ադրբեջանական ագրեսիայի վրա:

Քիմ Քարդաշյանը եւս չի շրջանցել այս խնդիրը, ինքն էլ անձամբ մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին օգնելու համար:

System of a Down խումբն էլ 15 տարի անց միավորվեց՝ աշխարհին խնդրի մասին տեղեկացնելու եւ անհրաժեշտ գումար հավաքելու համար:

«Իմ ժողովրդի հանդեպ անարդարությունն է ինձ տարբեր հարցերում ակտիվիստ դարձրել: Եվ հիմա զզվելի է հետեւել այդ բռնապետական ռեժիմին, որը, նույնիսկ, պատերազմի ավարտից հետո շարունակում է տանջել ռազմագերիներին»,-Foxla.com-ը մեջբերել է Թանկյանին ու անդրադարձել ադրբեջանական կողմի տարածած նյութերին.

«Ադրբեջանը շարունակում է տարածել տարբեր դաժանություններ պարունակող տեսանյութեր, իչպես TikTok-ում, այնպես էլ՝ Telegram-ում: Այդ տեսանյութերում նկարահանված են ոչ միայն զինվորականների, այլեւ խաղաղ քաղաքացիների սպանությունները:

«Տեսնելով այն, ինչ նրանց զինվորներն են արել պատերազմի ընթացքում՝ մահապարտներ, գլխատումներ, ռազմագերիների հանդեպ վայրագություններ… Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի թշնամու դեմ էր պայքարում Հայկական բանակը: Դա զզվելի է»,-շարունակելով Թանկյանի խոսքը՝ մեջբերել է կայքը:

Դերասանուհի եւ ակտիվիստ Արսինե Խանջյանը եւս արտահայտվել է այս, ինչպես նա է ասում, բարբարոսական հանցագործությունների մասին:

«Նրանք այդպիսին են իրենց բնույթով՝ վայրագ, աներեւակայելի: Անգամ 2021 թ-ին, կռվելով անօդաչուների միջոցով, դեռ շարունալում են կիրառել բարբարոսական տանջանքների մեթոդը»,-ասել է դերասանուհին:

Միջազգային օրենսդրությունը կոչ է անում անհապաղ վերադարձնել ռազմագերիներին, բայց ոչ Հայաստանը, ոչ էլ «Կարմիր խաչը» որեւէ պատասխան չեն կարողանում ստանալ Ադրբեջանից:

«Այս բաներն, իրոք, տեղի են ունենում».-հավելել է Խանջյանը,-«Այնպես որ, մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, որպեսզի պատշաճ ընթացակարգերով կարողանանք լուծել ռազմագերիների հարցը, որովհետեւ պարզ չէ, թե որքան երկար նրանք կարող են այդպես ապրել»,-դերասանուհու խոսքը մեջբերել է կայքը:

news.am