Հանրապետության տարբեր մարզերում և քաղաքներում ժամը 13։00-ից անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում։ Կաթվածահար էր եղել մայրաքաղաք Երևանի բազմաթիվ փողոցներ և խաչմերուկներ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
Հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իրավաբաններ այսօր հավաքվել էին նաև ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ՝ պահանջելով, որպեսզի դատախազությունը չսպասարկի Նիկոլ Փաշինյանի շահերը, հետամուտ լինի քրեական գործ հարուցելուն արդարադատությանը խոչընդոտելու համար:
Ցուցարարների մեջ էր նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Այսօր ՀՀ-ում կա մի պաշտոնատար անձ, որը կարող է իրավական ճանապարհով վերջ դնել այս դավաճանությանը և ազգադավ տականքի իշխանավարությանը, դա գլխավոր դատախազն է: Այս մասին այսօր ասաց Տիգրան Աթանեսյանը:
«Հենց հիմա նա կարող է հարուցել քրեական գործ արդարադատությանը միջամտելու հոդվածով և որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ամեն ինչ կավարտվի: Ես համոզված եմ, որ Նիկոլի թիկնապահները մեծ հաճույքով ծեծելով նրան կտանեն այնտեղ, որտեղ պետք է»,- հայտարարեց նա:
Աթանեսյանի խոսքով՝ ցավոք, այսօր ունենք մի գլխավոր դատախազ, որը բռնաբարում է օրենքը և պատրաստ է ցանկացած տականքի ծառայել, միայն թե իր պաշտոնը պահպանի․ «Կան վարչություններ, որոնք դեմ են այս ամենը կատարելուն, բայց նա իր նման ստորների մի խումբ է ստեղծել, որոնք պատրաստ են երեխայի օրորոցն էլ մոր ձեռքից վերցնել»:
Ըստ Աթանեսյանի՝ հայրենիք վաճառածն իր տեղում հանգիստ նստած է, սպաները վազվզում են, մնում է միայն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապացուցի՝ հայ է և գնա կոնկրետ քայլերի:
«Թող անի, եթե հայր, մայր ունի այս հողի վրա, եթե պապական գերեզման ունի»,–անդրադառնալով գլխավոր դատախազի կողմից Փաշինյանի դեմ գործ հարուցելուն, ասաց Աթանեսյանը՝ վստահություն հայտնելով, որ ի, վերջո, բազմաթիվ գործեր են հարուցվելու՝ ներառյալ պետական դավաճանության համար. «Մեր երեխաները զոհվել են, որովհետև դու «Սու» ես առել ֆեյսբուքի համար, օդը բաց է մնացել… Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, նա անհայրենիք է»: