Վիտամին D-ն, որն անհրաժեշտ է իմունային համակարգի նորմալ աշխատանքի և ոսկորների առողջությունը պահպանելու համար, արտադրվում է օրգանիզմում արևային ճառագայթների ազդեցության ներքո: Սակայն ձմռանը բազմաթիվ մարդիկ բախվում են այդ վիտամինի պակասի հետ արևային օրերի ոչ բավարար քանակության պատճառով: Տարվա այդ ամիսներին հատկապես կարևոր է հնարավորինս ստանալ այդ վիտամինը սննդի միջոցով:
Ո՞ր մթերքներում է պարունակվում վիտամին D:
Ձվի դեղնուց
Մեկ մեծ դեղնուցը պարունակում է վիտամին D-ի օրական նորմայի գրեթե 10 տոկոսը: Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռան ամիսներին պատրաստել ձվածեղ՝ ավելացնելով վիտամին D պարունակող այլ բաղադրիչները, որոնք ներկայացված են ներքևում:
Ձուկ
Ձկների որոշ տեսակներում ևս պարունակվում է վիտամին D: Այսպես, սաղմոնի 100 գրամը պարունակում է այդ վիտամինի օրական անհրաժեշտ նորմայի մինչև 70 տոկոսը: Իսկ թունայի 120 գրամից կարելի է ստանալ օրական նորմայի մինչև 34 տոկոսը:
Սունկ
Վիտամին D-ի լավ բուսական աղբյուր են սպիտակ սնկերը. մեկ բաժակը պարունակում է օրական նորմայի 46 տոկոսը: Այդ վիտամինը կա նաև շամպինյոններում:
Կաթ
Ըմպելով մեկ բաժակ 2-տոկոսանոց կաթ՝ դուք կստանաք վիտամին D-ի օրական նորմայի 15 տոկոսը, պնդում են մասնագետները: Կաթը պարունակում է նաև կալցիում, որը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար: