COVID-19-ի որոշ հետևանքներ կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում. մասնագետ
Advertisement 1000 x 90

COVID-19-ի որոշ հետևանքներ կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում. մասնագետ

Կորոնավիրուսային ինֆեկցիայի որոշ հետևանքներ, օրինակ՝ պարեսթեզիան և թուլությունը, կարող են պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում: Այսպիսի կարծիք է հայտնել թերապևտ Անդրեյ Կոնդրախինը (Ռուսաստան):

Ըստ նրա՝ COVID-19-ից ապաքինվելը դեռևս չի նշանակում օրգանիզմի լիարժեք վերականգնում. ինֆեկցիան կարող է ունենալ մի ամբողջ շարք երկարաժամկետ հետևանքներ: Իսկ որոշ հետևանքներ ընդհանրապես կարող են մնալ ամբողջ կյանքի ընթացքում. մասնագետը դրանց թվում առանձնացնում է թուլության զգացումը, ժամանակին ունեցած եռանդի կորուստը:

Մասնագետը նշում է, որ այդպիսի հետևանքների հաճախ բախվում են բավականին երիտասարդ պացիենտները, որոնք մինչ հիվանդությունը արդեն գանգատվում էին անքնությունից և հանգստի պակասից: Բժշկի խոսքով՝ նրանց «օրգանիզմն առանց այն էլ ուժասպառ է եղած, իսկ կորոնավիրուսը է՛լ ավելի ուժեղ է հարվածում ցավոտ կետին, ինչի հետևանքով վիճակը սրվում է»:

Մասնագետի խոսքով՝ մարդու համար անսովոր թուլության և ուժերի անկման զգացողությունը համարվում է հաղթահարած կովիդի ամենատարածված հետևանքը: Հաջորդում է պարեսթեզիայի վիճակը, որն արտահայտվում է վերջույթների ծակծկոցի, հոդերի ոլորման տհաճ զգացողությամբ: Շատերը բախվում են նաև սարսուռի երկարատև զգացողությանը, որը պահպանվում է նույնիսկ ապաքինվելուց հետո, օդի պակասի զգացողությանը, հոտառության և համի չվերականգնմանը:

Կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանք կարող է դառնալ բարձր զարկերակային ճնշումը: Կոնդրախինը նշել է, որ անոթային խնդիրները կարող են զարգանալ կորոնավիրուսային ինֆեկցիային իմունային համակարգի ռեակցիաների պատճառով: Այդ ընթացքում առաջացող բորբոքումը մեծացնում է անոթների կարծրության և դրանցում թրոմբների առաջացման հավանականությունը, ի հավելումն՝ անդրադառնում է մագնիում-կալցիումային փոխանակության խախտման ազդեցությունը: Այս ամենը նպաստում է հիպերտոնիայի ի հայտ գալուն և դրա հետ կապված՝ առաջացնում է լյարդի, երիկամների աշխատանքի խանգարումներ, որոնց առողջությունը մեծապես կախված է արյան շրջանառության որակից և անոթների վիճակից:

Մե՞ծ է արդյոք հավանականությունը, որ կորոնավիրուսի հետևանքները ապաքինված մարդու մոտ կմնան ամբողջ կյանքի ընթացքում:

«Դա կախված է պացիենտի տարիքից, տարած հիվանդության ծանրությունից և մինչ հիվանդությունը եղած ընդհանուր վիճակից: Եթե ի սկզբանե եղել են ռիսկի այնպիսի գործոններ, ինչպես՝ շաքարային դիաբետ, ճարպակալում, հիպերտոնիա, ապա առանձնապես ծանր հետևանքների հավանականությունն ավելի մեծ կլինի»,- ասել է մասնագետը:

med.news.am