Սադրիչ պոեզիա․ Իրանը պատասխանել է Բաքվում «չափն անցած» Էրդողանին
Advertisement 1000 x 90

Սադրիչ պոեզիա․ Իրանը պատասխանել է Բաքվում «չափն անցած» Էրդողանին

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը բավական կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Բաքվում ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի բանաստեղծությունից մեջբերված հատվածի համար։

«Նախագահ Էրդողանը տեղեկացված չէ, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսից հյուսիս Իրանի տարածքների բռնի զավթմանը։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է Զարիֆը  Twitter-ում։

Ելույթ ունենալով Բաքվի շքերթում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է Վահաբզադեի բանաստեղծությունից մի հատված, որի իմաստն այն է, որ Ադրբեջանի տարածքները Արաքսից հարավ «զավթված են»։

Թեհրանում, ըստ երևույթին, դա ընկալել են որպես Իրանի տարածքային ամբողջականության հանդեպ ակնհայտ ոտնձգություն՝ այն համատեքստում, որ Անկարան ակնարկում է, այսպես կոչված՝ Հարավային Ադրբեջանի (Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջանները, որոնք գերազանցապես ադրբեջանցիներով են բնակեցված) պատկանելությունը Բաքվին։

Թուրք առաջնորդին սթափեցնող գրառման վերջում Իրանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի այդպես արտահայտվելու «մեր սիրելի Ադրբեջանի մասին» ( նկատի ունի իրանական Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան շրջանները)։