Պատերազմը դադարեցնելու ակտի ստորագրումից անցել է մեկ ամիս, բայց հայկական զինուժը շարունակում է ՄՈԲ պահեստազորայիններին պահել ինչ-որ անհասկանալի հասցեներում: Ինչո՞ւ… Այս հարցը քանիցս հնչել է լրատվամիջոցներով, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ չի համարում հիմնավորումներ ներկայացնել: Այս մասին գրում է Yerevan. today-ը:
ՄՈԲ ռեսուրսը ցրելու մասին վերջին հայտարարությունը եղել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից:
«Հիմա իրականացվում են Զինված ուժերի վերաբաշխումներ, ուստի զորահավաքային ռեսուրսը ու ծառայողներների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում՝ զինված ուժերի տեղակայման վերաբերյալ»,- նոյեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից խոստացել էր նախարար Տոնոյանը:
Սյունիքում ՄՈԲ ռեսուրսով դեռևս ծառայության մեջ գտնվող ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը խնդրին իր բացատրությունն ունի, «Դե, իրենց պետք չէ, որ գան։ Գան պատմեն, գան ասեն՝ բա ինչո՞ւ էիր դավաճան հանում «մոբին», Նիկոլ»:
Պաշտպանության նախարարությունը կատեգորիկ հրաժարվում է մեկնաբանել, թե ինչու է պատերազմի դադարից մեկ ամիս անց ՄՈԲ ռեսուրսը դեռ պահվում զորամասերում։ Եռակողմ պայմանագրից հետո հայտնի չէ՝ արդյո՞ք պահեստազորայիններից առհասարակ եղել են զորացրվածներ, ինչո՞ւ է ուշանում համապատասխան հրամանը, գետնին քնողների համար ստեղծվեցի՞ն այս ընթացքում պատշաճ պայմաններ, նախարարության լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը Yerevan.Today-ի զանգերն օրեր շարունակ անտեսելուց հետո, ի վերջո պատասխանեց, բայց այդպես էլ ի վիճակի չեղավ այս բոլոր հարցադրումներից գոնե մեկին սպառիչ պատասխան տալ, պահանջեց գրավոր դիմել։ Ասաց նաև, թե իրեն կոնկրետ տվյալներ են պետք, որպեսզի պատասխան հնչի, իսկ մեզ ահազանգով դիմած ՄՈԲ պահեստազորային սպաներից որևէ մեկի անունը չենք նշում` տղաներին չթիրախավորելու համար։
Անորոշությունից ու նախարարության արհամարհանքից դրդված Yerevan.Today-ին են ահազանգել պահեստազորային 7 սպա, և պահանջում են նախարարության կողմից հստակ պատասխաններ: «Նոյեմբերի 10-ից պատերազմը դադարել է, քշնամու հետ կնքած ակտի համաձայն պարտաճանաչ կերպով մինչև դեկտեմբերի 1-ը թշնամուն են հանձնվել Արցախի տարածքները: Ու թվում էր՝ հերթը մեր զորացրվելուն է հասել, բանակը զորակոչով կվերակազմավորվի ու մենք էլ կվերադառնանք քաղաքացիական կյանքի մեր պարտականություններին, բայց ոչ…
Պաշտպանության նախարարը հրաման այդպես էլ չի արձակում, 1 ամիսից ավել է` մեզ «պատանդ» են պահել, ո՞ր մեղքի համար, չգիտենք: Եվ ցավալին այն է, որ ավելորդ բեռ ենք դարձել բանակի վրա, հիմա որևէ խնդիր չենք լուծում այստեղ, մեր օգտակարության գործակիցը հավասարվել է զրոյի, մենք վերածվել ենք շարքային սպառողի: Ու այս անորոշության մեջ ամեն օր դատարկ ժամեր ենք սպանում։ Չորս շաբաթ է՝ օրը սկսում ենք սովորական ռեժիմով ու ավարտում ենք նույն կերպ, մեր առջև խնդիր չի դրվում։ Հասկանալի չէ՞ ուզածներն ինչ է , որն է մեզ այստեղ համառորեն պահելու պատճառը: Հարցնում ենք՝ ժամկետների մասին, չեն հայտնում, պատճառների մասին արհամարհում են, պարզաբանում չի հնչում, հրամկազմից պատճառաբանում են, թե ռազմական դրություն է, ուժեղացված ծառայություն ենք անցնում, բայց սուտ է, չկա նման բան, ընտրովի դեպքերում են ռազմական դրություն պահում: Մտեք ցանկացած զինկոմիսարիատ, մտեք Պաշտպանության նախարարություն, ստուգեք տեսնենք կգտնե՞ք ռազմական դրության ռեժիմով գոնե մեկ ծառայողի։ Մարդիկ առաջվա պես են աշխատանիքի հաճախում, երեկոյան գնում են տուն։
Ավելին ասեմ՝ ՄՈԲ-ով բանակին միացած ռեսուրսին մոռացել են վերադարձնել բնականոն կյանք։ Բայց ով է իրավիճակի տերը, ումի՞ց պատասխան ստանանք, չգիտենք, շատ մտահոգված ենք այս անտարբերությունից։ Անգամ 7 սպաներով պաշտոնապես զեկուցագիր ենք գրել ՊՆ-ին, դարձյալ պատասխան չկա:
Լավ, ի՞նչ անել այսքանից հետո, չէ որ բարեխղճորեն զորակոչվել ենք առաջին իսկ հավաքին, նվիրումով մեր պարտքը կատարել ենք։ Բայց այսօր մեր կարիքը ԶՈւ չունի, ուրեմն ինչու չեք զորացրում, պաշտոնյաներ, ո՞ւմ քմահաճույքով, չէ՞ որ տանը հոգսեր են սպասում, աշխատանքի պիտի վերականգնվենք, սա լուրջ խնդիր է։
Կառավարական շենքերում նստած պաշտոնյան պիտի գիտակցի, որ մենք ունենք աշխատանքը պահելու խնդիր, գործատուներից պարբերաբար զանգեր ենք ստանում, բացատրում ենք, որ իրավիճակի տերը մենք չենք, մեզ ռազմական դրության պատճառով են պահում, հավատացող չկա:
Գործատուն անորոշության մեջ է, մրցունակ հաստիքներ ենք զբաղեցրել, ինքն էլ իր հերթին արդյունք պետք է ստանա, կատարողականի խնդիր ունի և ռազմական դրության պատճառով փաստի առջև է կանգնել, զորակոչված կադրին փոխարինողի խնդիր կա։
Քանիցս փորձել ենք գործատուին հավաստիացումներ տալ, որ շուտով կվերադառնանք, կանցնենք բնականոն աշխատանքի, բայց ժամկետների մասով նորից փաստարկներ չունենք, հայրենի կառավարությունը, ՊՆ-ն հարկ չեն համարել մեկ անգամ մի հիմնավոր բացատրություն տալ, որպեսզի մենք էլ ամրանանք այդ փաստարկով:
Իսկ ինչու՞ պիտի գործատուն շարունակի սպասել, սպասի որքա՞ն…ինչո՞ւ, ո՞ւմ կամ կառավարության ո՞ր անբարեխիղճ պաշտոնյայի մեղքով, չցիտենք։
Այսքանից հետո մնում է հավատալ, որ մեզ միտումնավոր չեն զորացրում` ինֆորմացիայի արտահոսքերից խուսափելու համար։ Այդ մտավախությունը կա, որ ինֆորմացիոն բլոկադայի նպատակով են մեզ պահում, երևի այն մտայնությամբ, որ ռազմաճակատից իրականությունը տուն չգա մեզնից ամեն մեկի հետ, չհանրայնացվի այն ինչ տեսել եք մեր աչքով: Սա աբսուրդի թատրոն է, մի՞թե այսքանից հետո դեռ կան պաշտոնյաներ, որ հավատում են թե ի վիճակի են ինֆորմացիոն բլոկադա պահել»,- հարց են բարձրացնում ՄՈԲ պահեստազորային տղաները և պահանջում են անհապաղ իրավիճակին լուծում տալ կամ գոնե հստակ ժամկետներ նշել զորացրվելու մասին:
Տղաները նաև բարձրացնում են վարձատրության հետ կապված լուրջ խնդիրներ։ Բանն այն է, որ միաժամանակ զորակոչված ՄՈԲ սպաներին խիստ տարբեր չափերի փոխհատուցում են տրամադրել`150 – 300 հազար դրամի սահմաններում․ «Թող ներվի ինձ ասել` նույն «բառդակը» ֆինանսական փոխանցումների հարցում է, խիստ ուշացումով փոխանցված աշխատավարձերը մենք հրաժարվել ենք ստանալ, փոխանցումն արված է, բայց կպահպանենք այնքան, մինչև որ հետ գանք ու այս մեծ տարբերությունով ստացված փոխհատուցման համար պատշաճ պարզաբանում կստանանք։ Ինչո՞ւ է մեկինս քիչ, մյուսինը կրկնապատիկ, երբ միասին ենք զորակոչվել, մեր հարցադրումներին նորից հիմնավոր արձագանք չկա։ Մարդիկ կոմպետենտ չեն այդ պրիմիտիվ հաշվարկների հարցում անգամ։ Հոգնեցնող է այս ամենը, արդեն չենք պատկերացնում` ում հետ ինչ պայմանավորվել»։