Փողոցում կնոջը ծեծած Ջունգլին ձերբակալել են դատարանի դահլիճում. epress.am
Advertisement 1000 x 90

Փողոցում կնոջը ծեծած Ջունգլին ձերբակալել են դատարանի դահլիճում. epress.am

Epress.am-ի հետ զրույցում Թումանյանի կնոջ՝ իրավահաջորդ Տանյա Մելքումյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը նշել է, որ ձերբակալությունը կապված է նոյեմբերի 26-ին Տերյան փողոցում Ջունգլի կողմից կնոջը ծեծի ենթարկելու հետ։ Նշենք, որ այդ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Թումանյանի գործով Սարգսյանն ավելի վաղ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Վերջին միջադեպից հետո դատարանը կրկին ձերբակալության որոշում է կայացրել։

«Դատարանը նրան վաղուց պետք է ձերբակալեր, ազատության մեջ ինքը շարունակում էր իրեն խուլիգանի պես պահել։ Փողերի հետ կապված էլ նրան ձերբակալեցին, հետո էլի ազատ արձակեցին։ Կնոջ ծեծի գործը մեծ արձագանք ունեցավ, չկարացին էդ աստիճան կոծկել», — մեզ հետ զրույցում պատմել է Թումանյանի կինը։ Նրա խոսքով՝ դատախազ Արամյանի միջնորդությունը՝ ձերբակալել Սարգսյանին, դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից մեկ անգամ մերժել էր։

Մելքումյանի խոսքով՝ դատական նիստերի դահլիճ Ջունգլը ներկայացել է «բավական լավ վիճակում», բայց երբ նիստի ժամանակ պարզ է դարձել, որ նրան ձերբակալելու են, «սկսել է բողոքել ցավերից»։ Նշենք, որ կնոջ ծեծից հետո մեկ օր անց՝ նոյեմբերի 27-ին, Սարգսյանը գիշերային ակումբներից մեկում վիճաբանել էր մի տղամարդու հետ և դանակահարվել։

«Ձևացնում էր, որ շատ վատ վիճակում է, բայց հենց շենքից դուրս էր [նիստի ընդմիջումներին] գալիս, ուղղվում էր, լավ էր լինում։ Ես դատավորին ասացի, որ ինքը շատ էլ լավ ա, որ ինքն ուղղակի ողբը կապել էր ու դրա համար անմիջապես տարան ՑԲ (Դատապարտյալների հիվանադանոց-խմբ․)», -պատմել է Մելքումյանը։

Epress.am-ի հետ զրույցում հրապարակախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը, որը փողոցով անցնելիս է եղել այն ժամանակ, երբ Սարգսյանը ծեծում էր կնոջը և օգնել է վերջինիս, պատմել է, որ դեկտեմբերի 9-ին ինքը և Ջունգլի կինը «Նուբարաշեն»-ում Սարգսյանի և նրա փաստաբանի հետ առերեսման են գնացել։

«Ես՝ որպես վկա, կինը՝ որպես տուժող։ Ջունգլի փաստաբանը հարցնում էր՝ կինը ցավ զգացե՞լ է, թե ոչ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ կինը չպնդի իր հաղորդումը, ասի, որ իրեն ֆիզիկական ցավ չի պատճառել, կարող է մեղմվեր իր վիճակը, բայց փաստորեն կինը պնդել է, ասել է, որ ցավ զգացել է», — պատմել է Հովհաննիսյանը։