CodeSignal հարթակը, որն օգնում է հավաքագրողներին ավտոմատ տեխնիկական գնահատումների միջոցով նախադիտել ծրագրակազմի զարգացման թեկնածուներին, ստացել է 25 միլիոն ԱՄՆ դոլար Menlo Ventures-ի գլխավորած B Series-ի ֆինանսավորման փուլում:
Ստարտափը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում և մասնաճյուղ ունի նաև Երևանում։ Ստարտափի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը։
Ընկերությունը ստացել է ֆինանսավորումն այն ժամանակ, երբ աշխատանքի հեռավար գործիքների կիրառումը շատ արդիական է։ Գործարարներն օգտագործում են առցանց հանդիպումներ և միջոցառումներ, վիրտուալ համագործակցության գործիքներ, ասինխրոն վիդեո հաղորդագրություններ և թվային հավաքագրումներ:
«Մարտ ամսից ի վեր մենք տեսանք մեր արտադրանքի պահանջարկի խելահեղ արագացում»,- VentureBeat-ին ասել է CodeSignal-ի գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը: «Ամեն ինչ առցանց հարթակ է տեղափոխվել, և ընկերություններին հեռակա գնահատման ավելի լավ լուծում է պետք»:
Ընկերությունը 2015 թվականին հիմնադրվել է CodeFights անունով՝ երկու տարի առաջ անվանափոխվելով CodeSignal։ Նախագիծը ցանկանում է օգնել ընկերություններին դուրս գալ ռեզյումեի սահմաններից և առաջարկել նոր տեխնոլոգիաներ՝ ավտոմատացնելով և մասշտաբացնելով հարցազրույցները: Ժամանակ և գումար խնայելուց բացի, գաղափարն է՝ կրճատել աշխատանքի ընդունելու գործընթացում կողմնակալությունը` օգնելով ընկերություններին պահպանել հարցազրույցի կայուն կառուցվածքը, որը բոլոր թեկնածուներին դիտարկում է նույն օբյեկտիվ չափանիշերին համապատասխան:
Ծրագրային ապահովման մշակողի մեկ պաշտոնի համար ընկերությունը կարող է հազարավոր կամ նույնիսկ տասնյակ-հազարավոր դիմումներ ստանալ՝ կախված պաշտոնից: Լավագույն թեկնածուներին գտնելու համար այս ռեզյումեներում կամ հարցաթերթիկներում զննումը կարող է լինել չափազանց ռեսուրսային գործընթաց: Դիմորդների թիվն ընդունելի մակարդակի հասցնելու համար նախնական ընտրության գործընթացը կարող է պարզապես ներառել այնպիսի տեղեկատվության արագ դիտում, ինչպիսին է, թե որ համալսարան է ավարտել դիմորդը կամ որտեղ է աշխատել:
«CodeSignal-ի միջոցով ընկերությունները կարող են դուրս գալ ռեզյումեի սահմաններից և խնդրել բոլոր աշխատանք փնտրողներին, որ անցնեն արդար և անկողմնակալ գնահատման»,- ասել է Սլոյանը VentureBeat-ին:
Սիրարփի Աղաբաբյան