«Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հասարակությանը մշտապես սարսափի ու լարվածության մեջ պահել: Նա դա անում է, որպեսզի, երբ իրենից զզված և իրեն այլևս հանդուրժել չցանկացող ժողովուրդը ոտքի կանգնի, նա այդ ժողովրդին ինչ – ոչ կերպ վախեցնելու և լռեցնելու միջոցներ ունենա: Իսկզբանե հայտարարված էր, որ այս պատերազմն իրենից արցախա – ադրբեջանական հակամարտություն է ներկայացնում: Այդ մասին ոչ մեկ անգամ հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահը: Հիմա ինչպե՞ս պատահեց, որ այն դարձավ նաև Հայաստանի սահմանների առ ու ծախի թեմա, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր Գառնիկ Իսագուլյանը։
Ըստ նրա՝ վաճառքի դնելով նաև Հայաստանի հողերը, դավաճան հողատուն հնարավորություն է ստեղծում՝ իր դեմ պայքարի ելած ու իրեն այլևս ոչ մի կերպ չհանդուրժող ժողովրդին ահաբեկել՝ այս անգամ արդեն՝ Թուրքիայի ու Հայաստանի պատերազմով, սրանով հանդերձ, հող ստեղծելով թշնամու համար՝ նորից պատերազմ սկսել, որի արդյունքում ինքը նույն սցենարով նրանց կհանձնի նաև Հայաստանի հարավային հատվածները՝ Մեղրին և Զանգեզուրը՝ Սյունիքի մարզի զգալի հատվածներ: Սա ստոր, լկտի և դավաճանական գործարք է, մի բան, որ այնքան հատուկ և հարազատ է հողատու Փաշինյանի ոգուն»:
Անդրադառնալով վարչապետի՝ այսօրվա ուղերձում հնչած առավել մտահոգիչ ակնարկներին, Գառնիկ Իսագուլյանը նկատում է. «Աշխարհի մեծագույն անբարո ստախոսն այսօրվա իր ելույթում սկսեց մեղադրել լրատվամիջոցներին՝ իբր թե նրանք սուտ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն են տարածում: Սրանով նա ցանկացավ ասել, որ այսուհետ մեր երկրում իրականության մասին խոսելն արգելվում է և,եթե որևէ լրատվամիջոց իրեն թույլ տա խախտել սա, ապա նրանց նկատմամբ ճնշումներ կլինեն: Չեմ բացառում, որ դրանք կարող են լինել նաև բիրտ ճնշումների տեսքով, մինչև անգամ՝ դադարեցնելով կամ փակելով այս կամ այն լրատվամիջոցը»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր Գառնիկ Իսագուլյանը:
Խոսելով երկրում եռօրյա սուգ հայտարարելու վերաբերյալ Փաշինյանի ելույթին, Գառնիկ Իսագուլյանն ասում է՝ հողատուի ներկայությունը սարսափելի սրբապղծություն կլինի՝ Եռաբլուրում ննջեցյալ հերոս նահատակների հիշատակի նկատմամբ. «Ամեն ինչ պետք է անենք, այդ թվում նաև այնտեղ ննջող հերոսների ծնողները, որպեսզի սրբապիղծ դավաճանի ոտքը Եռաբլուր պանթեոն չմտնի: Այդ նա էր, որ նահատակված հերոս տղաների ձեռքբերումները մի գիշերվա մեջ, ընդամենը մեկ ստորագրությամբ հանձնեց թուրքին: Հիմա ինչպե՞ս է Արցախը 5 մլրդ. դոլարով թուրքին վաճառած ստոր դավաճանը համարձակվում մտնել Եռաբլուր, նա կպղծի Եռաբլուրը: Ուրեմն, մեր ժողովուրդը՝ բացառապես բոլորով միասին, ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ անբարոն ոտք չդնի այնտեղ»:
Վերլուծելով այսօրվա ելույթի ընթացքում հողատուի՝ Զանգելան – Կուբաթլու հատվածում առկա, իր բնորոշմամբ՝ զգայուն խնդիրների թեման, «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ պատահական չէր, որ դավաճանի թիմը՝ Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի և իր կնոջ մասնակցությամբ, պատերազմից մի քանի ամիս առաջ, շատ գիտակցված կերպով լուծարեցին գեոդեզիայի ինստիտուտի բոլոր աշխատակիցներին և քարտեզագիրներին: Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ այնտեղ իրենց գործում հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետներ կային, կար նաև արխիվ ու հիմա նույնիսկ ինքը չգիտի, թե ի՞նչ է եղել կարևորագույն այդ ինստիտուտի արխիվի հետ. «Եվ ահա, այս ամենից հետո նրանք հայտարարում են, որ ԱԳՆ-ի քնքուշ տղաներն ու աղջիկները պետք է գնան և ադրբեջանցիների հետ միասին սահմանին դեմարկացիայի խնդիր լուծեն: Սա նշանակում է՝ երկրորդ անգամ, այս անգամ առանց որևէ կրակոցի, թշնամուն հանձնել հայրենիքը: Հիմա ձեզ հավաստի տեղեկություն եմ տրամադրում՝ այնքան տարածք, որքան Արցախից մնացել է հայկական վերահսկողության տակ, Փաշինյանը խոստացել է թուրքին նվիրի Հայաստանի Հանրապետության սահմաններից:
Հետևաբար, վերադառնալով ձեր հարցին՝ ի՞նչ զգայուն ակնարկներ էր անում հողատուն՝ բարձրաձայնելով Կուբաթլու – Զանգլան տարածքների մասին, պատասխանում եմ՝ դրա փոխարեն 2400 քմ տարածք նա պատրաստվում է թուրքին տալ Հայաստանից: Արդեն իսկ Գեղարքունիքում՝ Վարդենիսի շրջանում թշնամին մի քանի կմ խորացել է դեպի Հայաստանի Հանրապետության տարածք: Այլ կերպ ասած՝ թուրքն այլևս Հայաստանում է: Այդ տարածքում գտնվող մեր բոլոր նախկին դիրքերն այլևս գտնվում են ադրբեջանցիների ձեռքում»:
Պատասխանելով այն նկատառմանը, որ այսօրվա դրությամբ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի սահմանային անխոչընդոտ առաջխաղացումները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, բացառությամբ՝ Երևանի և Կոտայքի, փաստորեն, հայտնվել են կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահմանամերձ կարգավիճակում և ստացվում է, որ Երևանն ու Կոտայքն, այս իմաստով, հայտնվել են յուրահատուկ շրջափակման մեջ, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ Հայաստանում արդեն վաղուց չկա և գոյություն չունի օրինական իշխանություն: Կա մի մարդ, ում թշնամին ուղղակի փող է տալիս և մեր երկրի հետ անում է այն ամենն, ինչ բխում է բացառապես իր շահերից. «Երբ մենք ասում ենք, որ հայրենիք ենք կորցնում, սրանք հենց այնպես ասված բառեր չեն, սա այսօրվա մեր ողբերգական իրականությունն է, այն, ինչի մեջ մենք հիմա ապրում ենք: Մենք կորցրեցինք Արցախը և հիմա արդեն կորցնում ենք Հայաստանը: Բոլորովին պատահական չէր, որ այսօրվա իր այդ ելույթի ընթացքում, հողատուն խոսեց ամեն ինչից, բացի իրեն ներկայացված ամենասարսափելի մեղադրանքի թեմից, այն մասին, որ ինքը մի քանի միլիարդով վաճառել է հայրենիքը: Ինչի՞ մասին է սա խոսում՝ դատեք ինքներդ»,- ամփոփելով զրույցն, ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր Գառնիկ Իսագուլյանը: