Երբ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր կաբինետի նախարարների մեծ մասին, հույս ուներ իրավիճակ փոխել և ժողովրդին մոռացնել տալ իր կողմից ստորագրված Արցախի խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որով նաև իրական սպառնալիքներ ստեղծեց Հայաստանի սահմանների համար: Սակայն իրավիճակը ոչ միայն չփոխվեց, այլև նորանշանակ նախարարներին լուրջ չեն ընդունում ոչ միայն՝ ներսում, այլև միջազգային դիվանագիտական կորպուսը:
Սովորաբար, երբ նոր նախարարներ են նշանակվում, դեսպաններն իրենք են խնդրում ընդունելություն, որպեսզի ծանոթանան վերջիններիս հետ: Սակայն նորանշանակ նախարարներին անակնկալ էր սպասվում, որովհետև դեսպանները, բնականաբար, հասկանում են, որ նախ՝ այս կառավարությունը շատ կարճ կյանք է ունենալու, և բացի դրանից, այդ նախարարները, ինչպես և ողջ կառավարությունն այս պահին չունեն լեգիտիմություն և չեն շտապում դիմել անգամ ամենապարզ արարողակարգային հանդիպումներ ունենալու համար:
Ավելին, 168.am-ի տեղեկություններով` նախարարների աշխատակազմերն իրենք են զանգում դեսպանատներ, խնդրում, որ դեսպանները գան նախարարների հետ հանդիպման: Այս առումով հատկապես շատ ակտիվ է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ով երեկ իր խնդրանքով հանդիպել է Իրանի դեսպանի հետ:
Ինչ վերաբերում է իրենց պաշտոնները պահպանած կառավարության անդամներին, նրանք ևս փորձում են իրենց ներքին սպառված լեգիտիմությունը որևէ կերպ փոխհատուցել դիվանագիտական կորպուսի հետ հանդիպումներով:
Այս առումով ուշագրավ է, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր խնդրանքով հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ըստ էության ոչինչ չասող օրակարգով` ցույց տալու համար, թե շարունակում են դրսի հետ աշխատել:
Մեր աղբյուրները պնդում են, որ դատարկ, ոչինչ չասող հանդիպում է եղել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնելու էր Բրյուսել, և ԵՄ-Հայաստան բոլոր հարցերը հենց այնտեղ էլ կարող էր քննարկել: