«Արցախի ձայներ»-ից Միշան (Michel Grig) Արցախյան պատերազմի մասին իր նոր երգի շուրջ համագործակցում է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արցախի ձայներ»-ից Միշան (Michel Grig) Արցախյան պատերազմի մասին իր նոր երգի շուրջ համագործակցում է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ

«Արցախի ձայները» խմբի պատանի երգիչ Միշան (երգիչն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ), որը հայտնի է նաեւ «Նոր Ալիք», «Մանկական Եվրատեսիլ» եւ ռուսական «Голос Дети» նախագծերին իր մասնակցությամբ, շուտով նոր աշխատանք կներկայացնի, որի շուրջ համագործակցում է Արցախյան պատերազմն ակտիվորեն լուսաբանած լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ:

Արցախցի երգչի ու հայտնի լրագրողի առաջիկա համագործակցության մասին մանրամասների նպատակով NEWS.am STYLE-ը զրուցել է «Արցախի ձայներ» խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ, որը նշեց, որ առայժմ շատ փակագծեր բացել չեն կարող, բայց որոշ փաստեր, այնուամենայնիվ, հայտնեց.

«Արցախում տիրող իրադարձություններն, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել Միշայի վրա… Նրա եղբայրն ու հայրը պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պատերազմին մասնակցել են նաեւ «Արցախի ձայներ» խմբի իր ավագ գործընկերները… Միշայի ներսում բավական շատ էմոցիաներ են կուտակվել, եւ նրա ցանկությունն էր ստեղծել մի երգ, որն այդ օրերի ու ապրումների մասին է: Ամեն բան ինքնուրույն է փորձում անել, անգամ գործիքավորումը: Այժմ նա Մոսկվայում է, մի քանի նախագծերի շուրջ աշխատում է մեր գործընկերոջ` W-Music International-ի հետ»,-նշեց պրոդյուսերը` հավելելով, որ հենց տվյալ երաժշտական ընկերության մտահաղացումն է եղել երգի աշխատանքներում ընդգրկել նաեւ Պեգովին:

«Երգի մեջ կա ռեփի հատված, եւ մեր գործընկերներն առաջարկեցին, որ այդ հատվածը Պեգովը կարդա»:

Michel Grig-ի ու Պեգովի հանդիպումը Մոսկվայում արդեն կայացել է, նախագծի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, բայց Լիրա Քոչարյանի խոսքով` առայժմ քննարկումների փուլում.

«Սեմյոն Պեգովի ընտրությունը պատահական չէ. նա արդեն լավ ծանոթ է Արցախին, իր դերակատարումն է ունեցել պատերազմի լուսաբանման հարցում, եւ այդ ամենը հաշվի առնելով` հենց ինքը ցանկություն հայտնեց գրել իր տեքստի հատվածը: Խոսքերի մի հատվածն էլ ռուսերենով հեղինակել է Անտոն Վելինսկին, բայց առայժմ դա միայն սկզբնական տարբերակն է: Հետագա փոփոխությունների մասին կտեղեկացնենք, երբ նախագիծը պատրաստ լինի»,-նշեց նա:

news.am