Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակին:
Վարչապետը թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
– Հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում և Խծաբերդում:
– Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք:
– Ստանում ենք տարբեր տեղեկություններ նոր գերիների մասին Հադրութ-Շուշի հատվածից, արդյոք իսկապե՞ս կան նոր գերիներ:
Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են: