Մեր խնդիրները և մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձևակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձև. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։
Կա՞ բանական պատասխան, թե երկրի ԱԺ նախագահն ինչու է հանդիպում զրոյական վարկանիշ և պրոցեսների վրա զրոյական ազդեցություն ունեցող ինչ-որ մարդկանց հետ։ Ա. Միրզոյանը մանկական էնտուզիազմով պատերազմի օրերին ասում էր «Չշշկռվեք»՝ տեղադրելով Նիկոլի նկարը՝ Գերագույն Գլխավոր հրամանատար մակագրությամբ։
Երկրի երկրորդ դեմքը մարգարեական հակումներ ունի, որովհետև, փաստացի, մենք հիմա բոլորս շշկռված ենք, քանի որ մեր աչքի առաջ փլուզվում է մեր երկիրը։ Մեծից փոքր շշկռվել ենք, որովհետև 26 տարի ապրել ենք կայուն ու անվտանգ պետության մեջ, իսկ հիմա մեկ օրում հարաբերական խաղաղ պայմաններում ունենում ենք 170 գերի, ՊՆ շենքի գրավում՝ ծնողների կողմից, տոպրակներով անհայտ կորածների մասերի վերադարձ, իսկ թուրքը, քարտեզը ձեռքին, նորանոր հայկական բնակավայրեր է վերցնում։
Նույն օրվա մեջ հարցազրույց է տալիս Փաշինյանը, ու այդ հարցազրույցից ժամեր անց Ռուսաստանի ՊՆ-ը հերքում է նրա ասածը։ Սա՞ էլ մեզ չի վախեցնում։ Սրանք ընդամենը մեկ օրվա արդյունքներն են։
Վաղվա մասին ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Մենք ապրում ենք «օրը կբացվի՝ նոր փորձությունն էլ հետը» ռեժիմով։
ԱԺ նախագահն ունի միայն մեկ հանդիպման անհրաժեշտություն։ Դա հանդիպումն է Փաշինյանի հետ՝ քննարկելու նոր վարչապետի ընտրության հարցը։ Ուրիշ ոչինչ։ Լևոն Շիրինյանի հետ ի՞նչ ես քննարկում։ Փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ ամեն օր ցույց է անում, նրանց թիվն օր օրի շատանում է, աճում է նաև ագրեսիվությունը, և ընդդիմության լիդերներն արդեն մեծ դժվարությամբ են պրոցեսները հանդարտ պահում։ Դուք սա հասկանո՞ւմ եք։
Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։ Այս երկրում իշխանության մեջ ով ինչ ուզում անու՞մ է։ Ստացվում է՝ բանակը կառավարում չունի՞, տնտեսությունը չունի՞, արտաքին քաղաքականությունը չունի՞։ Պաշտոնական Երևան կա՞, թե՞ արդեն՝ վիճելի է։
Իմ քայլ, լսեք, դուք որպես քաղաքական ուժ այլևս սպառված եք, դա չի քննարկվում, բայց դուք առանձին՝ ամենքդ որպես անհատ, մարդ, հայր, եղբայր, մայր, քույր, դեռ ունեք շանս՝ կանգնեցնելու այս կործանարար անկումը։ Լրջացեք, ի մի բերեք ձեր ողջ ներքին մարդկային ռեսուրսը, վաղն իրոք ուշ է լինելու։
Հիմա Հայաստանում բոլորից պահանջվում է մեկ բան՝ լրջություն։ Սիրո՞ւմ եք Նիկոլին, լավ եք անում, բայց հասկացեք, որ Հայաստանն ավելի կարևոր է, ու օգնե´ք, որ նա գնա։ Չե՞ք սիրում Վազգեն Մանուկյանին՝ լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց հասկացեք, որ այս պահին ժամանակավոր կառավարությունը հարցի թերևս միակ լուծումն է։ Կայունացնենք վիճակը, չեզոքացնենք նոր պատերազմի ու նոր աղետների հնարավորությունը, անցնենք խաղաղ կյանքի՝ սիրե´ք ում ուզում եք, թիմ կազմե´ք ում հետ ուզում եք, ընտրե´ք ում ուզում եք, շշկռվեք՝ ում հետ ուզում եք։
Շատ կարևոր է, որ լրջության դինամիկ աճ ցույց տա նաև ընդդիմությունը։ Ուժեղ և համախմբված ընդդիմությունը գրեթե իշխանություն է, և այն իր աշխատանքային օրը պետք է կառուցի «գրեթե իշխանության» ռեժիմով։
Մեր բոլորիս պարտքն է՝ հասկանալ ու բացատրել ժողովրդին, թե անիշխանության այս իրավիճակի շարունակվելու և համընդհանուր լրջության այսպիսի մակարդակի դեպքում, մոտ ժամանակների մեր իրական ռիսկերը որոնք են.
ա/ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակություն՝ Արցախում և Հայաստանում
բ/ Տնտեսության փլուզում
2019-ին ես աղետից խուսափելու լուծում տեսնում էի սոլիդ իշխանության ձևավորումը։ Բայց դա արդեն պատմություն է։ Իսկ այսօր պետք է անել նվազագույնը՝ ամեն մեկս մեր տեղում, մեր խոսքում, մեր քայլում, մեր հանդիպումների ընտրության, մեր որոշումների կայացման մեջ լինենք ավելի լուրջ։ Եթե ստացվի, գուցե կարողանանք փրկել վիճակը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ