Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան: Գլխավորն այն է, որ ընդունելով իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար, նա հրաժարվում է պաշտոնաթող լինել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի այն պնդումը, թե ադրբեջանական զինուժը շրջապատել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Մոսկվան նշել է, որ ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով և անընդհատ շփվում են Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ:
«Այս պարագայում պետք է վստահել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, և ոչ թե Փաշինյանի խոսքերին, որը, ըստ երևույթին, շուտով չի լինի (իշխանության)»,- մեկնաբանել է հրատարակության ռազմական թղթակից Դմիտրի Իվանովը, որը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից և Երևանից:
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանին (ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից) Փաշինյանի հարցազրույցից ընդամենը մի քանի ժամ անց ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի մեղքով «ապակայունացման ռիսկի» մասին: Նրանք Ռուսաստանի ներկայությունը մարտահրավեր են համարել բոլոր պետություններին և կողմերին, որոնք մասնակցում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ռուսական կողմից պատասխանը եղել է դիվանագիտական:
Ամբողջությամբ՝ tert.am