«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որտեղ վերջինս համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն ընդունում են այնպես, ինչպես ընդունեցին Սիսիանում։
Հարցին՝ որտե՞ղ է եղել Սիսիանի քաղաքապետը՝ Փաշինյանի Սիսիան կատարած այցի ընթացքում, Արթուր Սարգսյանը պատասխանել է՝ Տաթև տանող ճանապարհին, որտեղ հարյուրավոր սյունեցիների հետ փակել են դեպի Սյունիք բերող ճանապարհը, որպեսզի հողատու վարչապետը չմտնի մարզ.
«Ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել դրա մուտքը Սյունիքի մարզ, երբ նա խաթարել է մարզի խաղաղ ու անվտանգ կյանքը, հարվածի տակ է դրել ոչ միայն այստեղ ապրող մարդկանց և մարզի ճակատագիրը, այլ նաև ողջ երկրի։ Թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդիկ են դուրս եկել ու փակել ճանապարհը, ոչ թե Սիսիանում մի տասը հոգու հետ հանդիպեր ու հետ փախչեր Սյունիքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։