Blog.168.am կայքը երեկ իր «Հայտնի Մաեստրո անունով ֆեյքը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի աշխատակցին» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր այն հանգամանքին, որ Ֆեյսբուքում գործող հայտնի և բավականին մեծ, 31000-ի հասնող լսարան ունեցող Մաեստրո/Maestro ֆեյք էջի ետևում կանգնած է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ ղեկավարում է էջը Սուքիասյանի աշխատակից Հայկ Սարգսյան անունով մի երիտասարդ։
Infoport.am-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, փորձել է հերքել մեր տեղեկությունը, որ Սուքիասյանը հովանավորում է «Մաեստրո» ֆեյսբուքյան էջը, անտեսել էր հրապարակման մեջ բերված այլ ապացույց ևս:
Անդրադառնալով միայն նշված երիտասարդի հետ Խաչատուր Սուքիասյանի համատեղ լուսանկարի հանգամանքին՝ Աննա Մկրտչյանն ասել էր, որ Խաչատուր Սուքիասյանի հետ շատերն են լուսանկարվում՝ շարունակությունը համեմելով անհեթեթագույն հիմնավորմամբ:
«Այդ հրապարակումն ամբողջությամբ աբսուրդ է: Նախ՝ Խաչատուր Սուքիասյանի հետ շատերն են լուսանկարվում, այդ թվում՝ նման հրապարակմամբ հանդես եկած կայքի սեփականատեր Սաթիկ Սեյրանյանը: Նման տրամաբանությամբ, ստացվում է, որ Սաթիկ Սեյրանյանն էլ կապ ունի Սուքիասյանի հետ: Երկրորդ, լուսանկարում պատկերված երիտասարդը ոչ մի առնչություն չունի Խաչատուր Սուքիասյանի հետ և չի աշխատում Սուքիասյաններին պատկանող և ոչ մի ընկերությունում: Հավանաբար, որևէ վայրում հանդիպել են, և երիտասարդները ցանկացել են լուսանկարվել: Եվ ամենակարևորը՝ Խաչատուր Սուքիասյանը ֆեյքեր ունենալու կարիք երբեք չի ունեցել և չունի: Սուքիասյանը միշտ էլ ասել է այն, ինչ ցանկացել է, գործել է հրապարակային և անկեղծ: Ֆեյքեր պահողներին պետք է փնտրեն այնտեղ, որտեղ ամեն օր խոսում են դրա մասին, նրանք ունեն ֆեյքերի և ֆեյքերի հորինած ստերի կարիքը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով. «Այս ամենը հերթական սուտն է Սուքիասյանների մասին, և այդ ստերի ու հորինվածքների նպատակը միայն ու միայն մեկն է: Թե ինչու են նրանք ամեն օր ստեր հորինում՝ գիտենք և մենք, և նրանք»,- ասել է խոսնակը:
Այնինչ մեր հրապարակման մեխը ոչ թե համատեղ լուսանկարն էր, այլ այն, որ բացահայտել այս ֆեյքի ով լինելը հնարավոր դարձավ հենց իր՝ Հայկ Սարգսյանի անփութության պատճառով։ 2019 թվականի հուլիսին ֆեյք Մաեստրո էջը մի լուսապատկեր էր հրապարակել (Screenshot), որում պատահաբար նաև երևացել է, թե ում ֆեյսբուքյան էջից է արվել սքրինշոթը։
Ինչևէ, ի գիտություն Խաչատուր Սուքիասյանի խոսնակի, տեղեկացնենք, որ Մաեստրո ֆեյքը, ում անունն է Հայկ Սարգսյան, մասնագիտությամբ օպերատոր է (նաև աշխատել է հեռուստաընկերություններից մեկում), աշխատում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Անի Սենթրալ Ին», նախկին «Սիլաչի» հյուրանոցում:
Իսկ այն, որ Խաչատուր Սուքիասյանն է կանգնած այդ ֆեյքի հետևում՝ գիտեն նաև հայտնի ֆեյքաբուծարան համարվող «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն ու աշխատակազմը։ Ավելին, իր որդու հարսանեկան արարողության ժամանակ Խաչատուր Սուքիասյանը, սխալմամբ, Մաեստրո ֆեյքից է լայվ մտել, որն անմիջապես նկատել են շատերը և զգուշացրել նրան։
Ի դեպ, նշյալ Հայկ Սարգսյանի հետ ևս մեկ անձ է կոորդինացնում այդ ֆեյքը՝ նախկինում հանցագործության մեջ մեղադրվող մի երիտասարդ։ Հաջորդիվ կներկայացնենք մանրամասները։
Առայժմ՝ այսքանը:
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ