Սրանք ընտրություններ չեն, որ պայքար գնա, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի․ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգնումն ու առաջ գնալը։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով, թե ինչու չի ներկայացնում ծրագիր։
«Մինչև այսօր ես ամաչում էի, որ մենք մինչև հիմա չենք հեռացրել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և իմ վրա պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը դուրս չշպրտեցինք»,- ասաց նա՝ նշելով սակայն, որ նայելով հրապարակում հավաքված ժողովրդին՝ հպարտ է։
«Ես նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և բոլոր տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան․ ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հրեշտակներ, հերոսներ, և մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք, բայց այն, ինչ այժմ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,-հայտարարեց Մանուկյանը։