Դեկտեմբերի 14-ին Պեկին-Մոսկվա (Շերեմետևո) ՍՈՒ-201 չվերթի ինքնաթիռի օդ բարձրանալուց մեկ ժամ անց օդանավում հայտարարվել է ինքնազգացողությունը վատացած չինուհի ուղևորի մասին։ Կանչին արձագանքել են օդանավում գտնվող 3 հայ բժշկուհիները՝ Քրիստինե Ավագյանը, Սոնա Երիցյանը և Սոնա Մանասերյանը, ովքեր վերադառնում էին Հայաստան՝ Չինաստանում ժողովրդական բժշկության դասընթացներին մասնակցելուց հետո։
Ուղևորուհու վիճակը, իսկապես, ծանր է եղել՝ զարկերակը հազիվ է շոշափվել։ Բժշկուհիները գործի են դրել չինական ժողովրդական բժշկության հնարավորությունները և օդանավում եղած սահմանափակ դեղորայքային միջոցները, փրկել հիվանդի կյանքը՝ ինքնազգացողությունը հասցնելով բավարար վիճակի, դրանով իսկ բացառելով օդանավի հարկադիր վայրէջքը մոտակա օդանավակայաններից մեկում, ինչին նախապատրաստվում էր օդանավի անձնակազմը։
«Չինաստանում ժողովրդական բժշկության ասպարեզում մեր նոր ձեռքբերած գիտելիքները, ավանդական բժշկության միջոցների զուգակցմամբ, տվյալ պահին օդանավում գտնվող սահմանափակ քանակությամբ դեղորայքային միջոցների արագ կիրառումը հնարավորություն տվեցին կյանքի և մահվան սահմանագծում գտնվող կնոջը փրկել,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Սոնա Երիցյանը,- մենք նախևառաջ կատարեցինք մեր մասնագիտական պարտքը՝ չինական ժողովրդական բժշկության զորեղ միջոցներից օգտվելով։ Այնպես որ Չինաստանում վերապատրաստումը, նոր գիտելիքներին ու ունակություններին տիրապետելը շատ օգտակար եղավ»։