Բեռլինի Charite կլինիկայի բժիշկները զեկույց են հրապարակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բուժման վերաբերյալ: Այն հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է՝ հիվանդը բժշկական հաստատություն է ընդունվել օգոստոսի 22-ին, որից մի քանի օր անց նրա մոտ հայտնաբերվել է խոլինէսթերազի ինհիբիտորներով ծանր թունավորում:
Ըստ գերմանացի բժիշկների եզրակացության՝ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութերով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել:
Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: