Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսն ամփոփել է անցնող տարին և մտահոգություն հայտնել, որ չնայած պատվաստումներին՝ համավարակն առաջիկա ամիսներին կարող է ուժեղանալ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գործարարի բլոգում հրապարակված հոդվածը:
«Ցավոք սրտի, մենք դեռ դուրս չենք եկել դժվարություններից»,- գրել է Գեյթսը:
Անդրադառնալով համավարակի տարածման կանխատեսումներին՝ միլիարդատերը հենվում է համակարգչային ծրագրերից ստացված տվյալների վրա, որոնք թույլ են տալիս ենթադրություններ անել, որ հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակը ողջ աշխարհում կփոխվի դեպի վատը:
Միևնույն ժամանակ գործարարը հիշեցրել է, որ դիմակի կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը շարունակում են արդյունավետ միջոցներ լինել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման հարցում:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսով վարակման և մահացության թվերը, Գեյթսի կարծիքով, կսկսեն նվազել, և կյանքն աստիճանաբար կընկնի իր բնականոն հունի մեջ: Այս առնչությամբ գործարարը հույս է կապում այն հանգամանքի հետ, որ հաջորդ տարվա գարնանը մեկնարկելու է պատվաստման լայնամասշտաբ գործընթացը:
Գեյթսը մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ պատվաստումից հրաժարվողների թիվը գնալով աճում է: Վերջինս խոստովանել է, որ չի հասկանում գիտությանն այդչափ չհավատալու պատճառները:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 78 մլն-ը, իսկ մահացության թիվը՝ 1.7 մլն-ը: