Բժիշկները երաժշտություն են լսել պացիենտի ոտնաթաթում. Արհեստական կոնքազդրային հոդերը կարո՞ղ են ռադիոալիքներ որսալ
Advertisement 1000 x 90

Բժիշկները երաժշտություն են լսել պացիենտի ոտնաթաթում. Արհեստական կոնքազդրային հոդերը կարո՞ղ են ռադիոալիքներ որսալ

New England Journal of Medicine գիտական ամսագրում նկարագրել են չափազանց արտասովոր դեպք. 65-ամյա տղամարդու ոտքի անոթների դոպլերյան հետազոտություն անցկացնելիս բժիշկները երակազարկի միջով լսել են… երաժշտություն:

Հաղորդվում է, որ պացիենտը հոսպիտալացվել էր ընկնելուց հետո կոնքազդրային հոդախախտով: Նա նախկինում ենթարկվել էր երկու կոնքազդրային հոդերը արհեստականով փոխարինելու վիրահատության:

Բժիշկները որոշել են պացիենտի ոտքերի արյան շրջանառությունը ստուգել դոպլերյան հետազոտությամբ, բայց երբ շարժական դոպլերի հաղորդիչը դրել են տղամարդու ցանկացած ոտնաթաթի հետեւի կողմի զարկերակի վրա, երակազարկի ձայներին, որոնք պետք է լսվեին այս հետազոտության ժամանակ, հավելվել է երաժշտություն:

Այս երաժշտությունը լսվել է նաեւ դոպլերի համար այլ սարքավորում օգտագործելու դեպքում: Ընդ որում՝ երբ այդ սարքավորումը փորձարկել են այլ մարդկանց վրա, ոչ մի երաժշտություն չի եղել: Ինժեներները նույնպես սարքը ստուգել են եւ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Գիտնականների կարծիքով՝ ամբողջ խնդիրը արհեստական կոնքազդրային հոդերն են. հնարավոր է՝ դրանք կարողանում են ռադիոալիքներ որսալ: Մասնագետները նաեւ չեն բացառում, որ ընդունիչի դեր կարող էր կատարել հիվանդանոցային մահճակալը:

news.am