Վերջին տարիներին լայֆհաքերի սիրահարները նախընտրում են աշխատել լուսային էֆեկտների հետ: Մեկը մյուսի հետևից ցուցադրվում են նորարարական լուծումներ, որոնք հիմնականում դառնում են ինտերիերի մի մասը: Լուսային նորարարական լուծում են մտածել նաև հայ երիտասարդները:
Երիտասարդական ժամանցի վայրերում՝ փաբերում, ակումբներում և այն հաստատություններում, որտեղ կա թույլ լուսավորություն, լուսային լուծումները շատ են օգտագործվում: Բաժակների, շշերի, սեղանների համար օգտագործվում են տակդիրներ, որոնք մթության պայմաններում լույս են արձակում: Հայ երիտասարդները մշակել են այս գաղափարը և ստացել են լուծում, որի նմանը դեռևս չկա աշխարհում: Երեք ընկերներ՝ Եղիշեն, Արմենն ու Անդրանիկը, ստեղծել են բաժակների լուսարձակ տակդիրներ, որոնք լուսավորում են բաժակը, խմիչքին տալիս են յուրահատուկ գույն, ինչպես նաև կարող են կատարել գովազդային գործառույթ:
«Մենք ընկերներով հաճախ ենք գնում փաբեր, բարեր և ժամանցի այլ վայրեր: Մի օր IT փաբում էինք, երբ հոսանքն անջատվեց: Դե, բնականաբար, բոլորս միացրեցինք մեր հեռախոսի լույսերը: Սակայն լույսը շատ կենտրոնացած էր ու աչք էր ծակում: Տղաներից մեկը հեռախոսը դրեց գարեջրով լի բաժակի տակ: Լույսը ցրվեց, բացի այդ, տարածքը հետաքրքիր լուսավորում ստացավ, իսկ բաժակի խմիչքն էլ յուրահատուկ գույն ստացավ: Մենք փորձեցինք տարբեր խմիչքներով բաժակներ դնել լույսի վրա, յուրաքանչյուր խմիչք առանձնացավ իր արտահայտիչ գույնով: Մեզ մոտ միտք հղացավ ստեղծել բաժակի լուսարձակ տակդիրներ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նախագծի հեղինակներից Անդրանիկ Գևորգյանը:
Արդեն հաջորդ իսկ օրը տղաները ստեղծել են տակդիրների առաջին տարբերակները: Փորձարկումներից և սխալներն ուղղելուց հետո տակդիրներն արդեն պատրաստ էին օգտագործման:
«Բաժակի տակդիրները ոչ միայն նախատեսված են տարածքը լուսավորելու ու ձևավորելու համար, այլև մարքետինգային միտում ունեն: Տարբեր կազմակերպություններ իրենց գովազդը կարող են տեղադրել բաժակի տակդիրների վրա: Աշխարհում բաժակի հազարավոր տակդիրներ են արտադրվում, դրանց վրայի գովազդը գրեթե միշտ աննկատ է մնում, իսկ նոր սերնդի լուսարձակ տակդիրները չեն կարող ստվերում մնալ»,- պատմում է Անդրանիկը:
Երիտասարդները չեն ցանկանում տակդիրների արտադրությունը կենտրոնացնել միայն Հայաստանում: Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են աշխարհում եղած տակդիրների տարբերակները փոխարինել նոր սերնդի լուսարձակ տակդիրներով, որոնք, բացի իրենց բուն ֆունկցիան կատարելուց, լուսավորելու ու գեղեցկացնելու են միջավայրը, յուրաքանչյուր խմիչքի յուրահատուկ տեսք են հաղորդելու, ինչպես նաև, ցանկության դեպքում, ծառայելու են՝ որպես գովազդային ուժեղ գործիք:
Գաղափարն աշխարհով տարածելու և մեծածավալ արտադրություն ստեղծելու նպատակով տղաները դիմել են Indiegogo.com կայքին:
Սիրարփի Աղաբաբյան