Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի մուտքերի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիների մի հատվածը հավաքված է Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածում:
Քաղաքացիների մյուս հատված էլ ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ է:
Նրանց խոսքով՝ հավաքվել են իշխանական պատգամավորներին ասելու, թե ինչ են մտածում նրանց մասին: «Որպես ԱԺ մեծամասնության պատգամավոր՝ դուք ձեր անգործությամբ ոչնչացրել ենք ԱԺ-ն՝ որպես գործադիրի հակակշիռ, որպես առաջնային մանդատի ինստիտուտ: Եվ դուք դրա համար պատասխան եք տալու»,- հայտարարեց քաղաքացիներից մեկը:
Հավաքվածներից մեկն էլ ասաց՝ պահանջում են նաև, որ խորհրդարանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի:
Ակցիային զուգահեռ խորհրդարանում անցկացվում է ԱԺ խորհրդի նիստ, որում առաջարկվում է համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու որոշմանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Իմ քայլը»-ի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Նաիրա Զոհրաբյանին զրկել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից: