Շվեդիայում` «Մա՛հ հայ շներին» բացականչած թուրք ազգայնական Լեյլանին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
Advertisement 1000 x 90

Շվեդիայում` «Մա՛հ հայ շներին» բացականչած թուրք ազգայնական Լեյլանին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որն ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Շվեդական և շվեդահայ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Բարբարոսի դեմ բողոք էին ներկայացրել ոստիկանություն` նրան մեղադրելով էթնիկ ատելություն հրահրելու համար, ինչից հետո Լեյլանին ստիպված էր եղել հրաժարական տալ:

Ինչպես փոխանցում է anf կայքը` շվեդական դատարանը վճռել է, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն՝ Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի՝ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։

Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով՝ դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին Բարբարոս Լեյլանին հաջակցություն Ադրբեջանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին» և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»:



Նման նյութեր