Մազաթափությունը քիմիաթերապիայի ամենատհաճ և ոչ ցանկալի կողմնակի էֆեկտներից մեկն է: Հիվանդների մեծ մասի, հատկապես կանանց համար, որոնք պետք է քիմիաթերապիայի կուրս անցնեն, մազաթափությունը հոգեբանական ծանր վնասվածք է, սթրես, իսկ հաճախ էլ բուժումից հրաժարվելու ճակատագրական որոշման պատճառ:
Այս հարցը լուծելու համար «Էրեբունի» ԲԿ-ում ներդրվել է Անդրկովկասյան տարածաշրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ Paxman ֆիրմայի ORBIS II սարքը՝ սառեցնող սաղավարտը:
Սարքը մշակվել է հատուկ օնկոհիվանդների համար, որոնք պետք է քիմիաթերապիայի կուրս անցնեն, ալոպեցիայի (մազաթափություն) կանխարգելման նպատակով:
Սարքի աշխատանքի սկզբունքը գլխի մազածածկ հատվածի սառեցումն է մինչև -4 С՝ քիմիաթերապիայի դեղամիջոցը ներարկելուց 30-40 րոպե առաջ, դեղամիջոցի ներարկման ժամանակ և ներարկումից հետո: Սառնության ազդեցությամբ տեղի է ունենում գլխի մաշկի անոթների սպազմ, արյան հոսքի արագությունը նվազում է, և գլխի մազածածկ հատվածին արյան մատակարարումը, հետևաբար նաև քիմիական դեղամիջոցի, կտրուկ նվազում է: Այսպիսով կանխվում է մազապարկերի վրա քիմիական դեղամիջոցի տոքսիկ ազդեցությունը, ինչը թույլ է տալիս մազերը պահպանել:
NEWS.am Medicine-ն արդեն հայտնել է, որ Բեյլորի բժշկական քոլեջի մասնագետները վերջերս հետազոտություն են կատարել կաթնագեղձի քաղցկեղով տառապող 235 կանանց մասնակցությամբ և պարզել են, որ սառեցնող սաղավարտը օգնել է հիվանդ կանանցից ավելի քան կեսին:
med.news.am