2020-ը տարի էր, որը փոխեց ճակատագրեր, ստիպեց այլ կերպ նայել կանքին՝ կորուստի ու դժվարությունների միջով: Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նշում է՝ 2020-ն իրեն սովորեցրել է գնահատել կյանքը եւ իր կողքին ապրող մարդկանց։ Ինչպես շատերը՝ Ջուլիան եւս ցանկանում է րոպե առաջ հրաժեշտ տալ անհաջող տարուն, սակայն դա անել լուռ՝ առանց հատուկ պատրաստությունների.
«Անկեղծ ասած՝ տոնական տրամադրություն բացարձակ չկա, քանի որ մեր վերքերը դեռ թարմ են։ Ուղղակի իմ կարծիքով՝ սազական չէ մեր ազգին այսքան կորստից հետո Ամանորն ուրախ տոնելը։ Ես, անկեղծ ասած, մեծ ցավ կապրեմ, եթե հրավառություն տեսնեմ մեր երկնքում կամ բարձր երաժշտություն լսեմ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով.
«Տոնածառ չենք դրել, ու չի էլ քննարկվել այդ հարցը։ Տանը ընտանիքիս հետ կդիմավորեմ գալիք տարին՝ հույս ունենալով, որ 2020-ի նման բարդ տարի մեր ազգին չի սպասվելու այլեւս»։
Դերասանուհին տարվա ընթացքում հասցրել է մասնակցել մի շարք նախագծերի նկարահանումների, վերջին սիթքոմը, որում նկարահանվում էր «Աստղերի դպրոց»-ն է, որի մեկնարկը սպասվում էր հոկտեմբերին, սակայն, բնականաբար, հումորային սիթքոմի ցուցադրությունը հետաձգվել է. այն եթերում կլինի մյուս տարի:
Ավելի մանրամասն՝ news.am