Արցախում Բաքուն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան
Advertisement 1000 x 90

Արցախում Բաքուն իր դիրքերն առաջ է տանում` խախտելով պայմանավորվածությունները. Բալասանյան

Ադրբեջանի ԶՈւ–ն խախտում է պայմանավորվածություններն ու իր դիրքերն առաջ տանում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում», – ասել է Բալասանյանը։

Ըստ նրա` Ադրբեջանի կողմից խախտումներ են արձանագրվել Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր Շուկայի ուղղություններով։

«Բացի այդ, արձանագրած խախտումների մասին տեղեկացնում ենք ռուս խաղաղապահներին, ճիշտ է՝ բարձրացված հարցերը դեռ մասամբ են լուծվում, սակայն այդ ուղղությամբ դրական միտումներ են նկատվում», – ասել է Բալասանյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

armeniasputnik.am



Նման նյութեր