Երգչուհի Անի Քրիստին հանդիպում է կազմակերպել իր երկրպագուների համար: Դեկտեմբերի 18-ին երևանյան «Կամի» ակումբում կկայանա Անի Քրիստիի լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը և փոքրիկ մենահամերգ:
Հանդիպման առիթը խորհրդանշական է. այն կլինի երգչուհու առաջին ակումբային մենահամերգը, ինչպես նաև երևանաբնակ հանդիսատեսի համար յուրատիպ վերադարձ-համերգ` շուրջ տասը տարի ընդմիջումից հետո: «Շատ ոգևորված եմ և անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, որովհետև Հայաստանում վաղուց է, ինչ ելույթ չեմ ունեցել: Կարելի է ասել, որ սա կլինի վերադարձի հանդիպում, ինչպես նաև գլխավոր փորձ` մեծ վերադարձից առաջ»,- նշում է Անի Քրիստին` դեռևս չբացելով բոլոր փակագծերը:
Հանդիպման ընթացքում երգչուհին լայվ բենդի ուղեկցությամբ կկատարի երկու տասնյակի հասնող երգեր` ինչպես բոլորին ծանոթ, այնպես էլ նոր ու սիրված ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն հնչել հայրենիքում: «Էմոցիաներս ու զգացողություններս այնքան շատ են ու տարբեր, որ վստահ եմ կկարողանամ հեշտությամբ փոխանցել բոլոր ներկաներին»:
«Feelings of love» խորագիրը կրող DVD-ն կնվիրվի բոլոր ներկաներին: Այն Լոս Անջելեսում 2014 թվականին կայացած համանուն մենահամերգի տեսագրությունն է: «Երբ համերգից որոշ ժամանակ անց ցանկացա թողարկել այն, պարզվեց, որ լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել և ես արել եմ գրեթե անհնարինը, որ DVD-ն վերջապես թողարկվի: Այդ իսկ պատճառով չգիտեմ էլ տոնս կրկնակի է, թե նույնիսկ եռակի»,- կատակում է երգչուհի Անի Քրիստին: