Hraparak.am-ը գրում է․
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը բաժանվել է երկու մասի: Մի մասը պահանջում է պարտություն կրած քաղաքական իշխանության հրաժարականը և հեռացումը, մյուս մասը համարում է, որ ոչինչ տեղի չի ունեցել և ժամանակին 70 տոկոս ձայն հավաքած ուժը պետք է շարունակի պաշտոնավարել: Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող մարդկանց անվանեց էլիտա, նրանց պահանջը՝ «էլիտար բունտ»: Եւ իսկապես՝ նրա հրաժարականը պահանջում են առավելապես կիրթ, մտածող մարդիկ, նրանք, ում բոլոր երկրներում համարում են քաղաքական եւ հասարակական էլիտա։
Օրերս երկարատև ընդմիջումից հետո բացվել է Երևանի ամենահայտնի ջազ ակումբներից մեկը՝ «Մալխաս ջազ ակումբը», որտեղ երբևէ եղած մարդիկ գիտեն, որ իրենց հայտնի հյուրերի ու Մալխասի համատեղ նկարները ակումբի դիզայնի մասն են կազմում՝ բոլոր պատերին փակցված են Լեւոն Մալխասյանի լուսանկարները Ազնավուրի, Հենրիխ Մխիթարյանի, Քըրք Քրքորյանի, Պուտինի, Ելցինի և այլ հայտնի անձանց հետ: Հեղափոխությունից հետո լուր տարածվեց, որ ակումբի պատերից հանվել են Մալխասի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, սակայն ակումբի աշխատակիցները հերքում էին դա։ Ամեն դեպքում, այսօր ակումբի պատերից մեկի վրա Հայաստանի 2-րդ, 3-րդ նախագահների և Մալխասի համատեղ նկարներն են, իսկ շարքի լուսանկարի տեղը դատարկ է: Մեր լրագրողը նախօրեին նկատել է, որ բացակայող լուսանկարը Մալխասի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարն է, որը իջեցվել է պատից եւ դրված է աթոռներից մեկի վրա: Շատ խորհրդանշական է՝ պատից արդեն իջեցված է, բայց ակումբից հեռացված չէ․ թերեւս սպասում են դեպքերի զարգացումներին։
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել.
«Հրաշալի երեկո անցկացրինք «Մալխաս» ակումբում: Վերջում` սելֆի Լևոն Մալխասյանի հետ:»
Հենց այս օրը արված նկարը եղել է փակցված հայտնի ակումբում: