Արցախի իրավապահ մարմինները ծածկադմփոց են պետական դավաճանության և Արցախում սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։ Շուրջ մեկ ամիս առաջ ներկայացված հաղորդման քննարկման արդյունքների մասին անգամ դիմումատուները որեւէ տեղեկություն չունեն։ «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշման մասին պետք է հայտնվի հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, սակայն հաղորդում ներկայացնելուց հետո առ այսօր որևէ տեղեկություն չի տրամադրվել հաղորդման քննարկման արդյունքում քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու որոշման վերաբերյալ։
«Նշվածից կարելի է եզրահանգել, որ ներկա դրությամբ քրեական գործ հարուցված չէ, իսկ քրեական դատավարության շրջանակում կարգավիճակի մասին կարելի է խոսել որպես կանոն քրեական գործ հարուցելուց հետո»,- նշեց Հայրապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ դավաճանության, Արցախում սահմանադրական կարգը տապալելու եւ ԱՀ շրջանները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով, Արցախին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ ԱՀ դատախազությունից հայտնել էին, որ հաղորդումը ստացվել է և այն գտնվում է ստուգման փուլում։
Արթուր Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո ընդամենը բացատրություն են տվել, սակայն հետագա ընթացքի մասին որևէ տեղեկություն իրենց չեն հաղորդել։
«Կարող ենք արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում հաղորդումը պատշաճ քննարկելու ուղղությամբ»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում կվերադառնա Ստեփանակերտ և կդիմի դատախազություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան