Յուրա Մովսիսյանը հայազգի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն է: Շատերն ունեն այն համոզմունքը, որ հենց նա է անկախ Հայաստանի ուժեղագույն հարձակվողը: 30-ամյա ֆուտբոլիստն այլևս չի հրավիրվում Հայաստանի հավաքական, թեև նրա ելույթների հետ կապված հիշողությունները դեռ թարմ են: Յուրան հավաքականի մարզաշապիկով մրցակիցների դարպասը խոցել է 9 անգամ (8-ը պաշտոնական, 1-ն՝ ընկերական խաղում):
Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան սկսել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», որտեղից 2007թ. տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում 2009թ. դարձել է ՄԼՍ-ի հաղթող: Դրանից անմիջապես հետո սկսել է եվրոպական կարիերա՝ խաղալով դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» և «Սպարտակում»:
Հարձակվողը 2016թ. հունվարին վերադարձել է «Ռեալ Սոլթ Լեյք», որտեղ այժմ ելույթ է ունենում: Վերադարձից հետո հասցրել է մրցակիցների դարպասը գրավել 16 անգամ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մովսիսյանի՝ իր հարցազրույցներում արտահայտած ամենաուշագրավ և հետաքրքիր մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Սպարտակի» պաշտոնական կայքին, ամերիկյան Sports Talking հեռուստահաղորդմանը, Panarmenian TV-ին, ռուսական Championat.com-ին, ProSport-ին, ИТАР-ТАСС-ին և Sport-Express-ին տված հարցազրուցներից, մամուլի ասուլիսներից:
«Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, բայց վստահ եմ, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայի հայրենիքը ձգում է, և նրանք ուզում են վերադառնալ այնտեղ»:
«Հայրս ֆուտբոլ խաղացել է սիրողական մակարդակով, բայց նա մինչև ուղնուծուծը ֆուտբոլային մարդ է և վաղ տարիքից այդ զբաղմունքը փոխանցել է ինձ»:
«Երբ փոքր էի, երկրպագում էի «Արսենալին» ու Մադրիդի «Ռեալին»»:
«Ունեի սիրելի 3 ֆուտբոլիստ. առաջինը՝ Պրեդրագ Միյատովիչ, երկրորդը՝ Տիերի Անրի, երրորդը՝ Ռոնալդո: Ի դեպ, հենց Անրիի պատվին էի «Սպարտակում» կրում 12 համարի մարզաշապիկը»:
«Աշխարհում ոչ մի թիմ, հատկապես պաշտպանություն, չի կարող սարսափելի լինել ինձ համար»:
«Հայրս ինձ միշտ ասում էր. «Դու էլ ես տղամարդ, դիմացինդ էլ, թե կարող ես, հաղթիր»»:
«Բասկետբոլում երկրպագում եմ «Լոս Անջելես Լեյքերսին»: Ես Կոբի Բրայանտի ֆանատն եմ: Իսկ հոկեյում ծեծկռտուքներն ինձ դուր են գալիս, բայց հենց խաղն իմը չէ»:
«Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի փոխարինողների կազմում կամ իր թիմի խաղը կդիտի, օրինակ, տրիբունայից: Ինձ համար դա անընդունելի է, ուզում եմ մշտապես լինել խաղի մեջ»:
Ամբողջությամբ՝ vnews.am