Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին և եթե անգամ սողեսող հասավ Մոսկվա, չի կարող հայ ժողովրդի անունից փաստաթուղթ ստորագրել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում բողոքի ակցիայի ժամանակ։
Քաղաքացիները վաղ առավոտից հավաքվել են օդանավակայանում, որ թույլ չտան Նիկոլ Փաշինյանին այցելել Մոսկվա, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ստորագրելու է հայ ժողովրդի շահերը ոտնահարող փաստաթուղթ։
Ոստիկանները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։
Ցուցարարները պահանջեցին ասել՝ ինչ հիմքով են փակել։ Ոստիկանները պատասխանեցին, որ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը ժամանակավորապես սահմանափակված է և եթե ուզում են իմանալ՝ ինչ հիմքով, կարող են գրավոր հարցում ուղարկել։
«Հակաօրինական գործողություն եք անում, որ սողունը գաղտագողի սողոսկի օդանավակայան»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Մեկ այլ ցուցարար հայտարարեց․ ««Բուկետ» Նիկոլի երկրում այս ոստիկանները ոչ թե ծառայում են հասարակությանը, այլ մեկ ընտանիքի»։
«Ուզում ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանին, եթե գաղտագողի հաջողվեց սողոսկել Մոսկվա, թող լավ իմանա, որ մարդ, եթե սողեսող է ման գալիս սեփական երկրում, չի կարող ներկայացնել ՀՀ-ն և չի կարող ՀՀ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել, ժողովուրդը դրա լեգիտիմությունը վիճարկելու է։ Եթե Փաշինյանը ստորագրի մի փաստաթուղթ, որը հայ ժողովրդի շահին դեմ է, նրա ոչ թե ճանապարհները, այլ երկինքն ենք փակելու, որ չկարողանա վերադառնալ Հայաստան»,-հայտարարեց Գերասիմ Վարդանյանը։
Քիչ անց Վարդանյանն ասաց, որ տեղեկություն ունեն, որ Փաշինյանին հաջողվել է հասնել Մոսկվա։
Թող նրա հետ բանակցությունների նստողներն իմանան, որ այդ մարդը ՀՀ-ն չի ներկայացնում և նրա ստորագրած որևէ փաստաթուղթ ընդունելի չէ Հայաստանի և հայության համար և վաղը վիճարկվելու է, քանի որ նա լեգիտիմ ղեկավար չէ և վաղվա լեգիտիմ իշխանությունները վիճարկելու են նրա ստորագրածը՝ ասացին ցուցարարները։