Արմեն Սարգսյանը հոդվածում պնդում է, որ երրորդ հանրապետությունն այլեւս անցյալ է, առաջարկում է արտահերթ ընտրություններով կառուցել չորրորդը: ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մեր խնդրանքով ծանոթացավ հոդվածին եւ պատասխանեց որոշ հարցերի:
– Արմեն Սարգսյանն այսօրվա պարտությունների համար մեղադրում է Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին: Սա ի՞նչ մոտեցում է, եւ ինչո՞ւ է նա այսօրվա իրավիճակի վերլուծությունը սկսում այդքան հեռվից:
– Նախ, ուզում եմ ասել, որ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Արցախի 3/4-ը հանձնվել է: Ավելին, կան ապացուցված տվյալներ, որ նա կանխամտածված է գործել, որովհետեւ սեպտեմբերյան պատերազմը «ՄԻ-6»-ի պլանն էր, որի գործակալն է Արմեն Սարգսյանը, եւ հենց նա էր, որ թույլ չտվեց, որ հայկական կողմը ստրատեգիական հարվածներ հասցներ նավթամուղներին եւ գազամուղներին: Իսկ դա Ադրբեջանի թույլ տեղն էր եւ մեզ հնարավորություն կտար չեզոքացնել ադրբեջանական բանակի ճնշումը հարավում: Արմեն Սարգսյանը ոչ միայն պետք է պաշտոնին հրաժեշտ տա, նա պետք է դատվի: Բացի այդ, այս մարդը հայտնի է իր շատ տարօրինակ կապերով, մահմեդական երկրներում հանքարդյունաբերության մեջ իր ներդրումներով: Ուզբեկստանում նա ունի գյուղատնտեսական ձեռնարկություններ: Չեմ ասում, որ ուզբեկները մեզ բարեկամ ազգ չեն, բայց, այնուամենայնիվ, դա Էրդողանի եւ Ալիեւի Թուրանի աշխարհի մի մասն է: Արմեն Սարգսյանն այս թուրքական աշխարհի «արքայադստրերի» փողերը լվացողն է։ Սա է այս մարդու պատմական միսիան: Նա բացարձակ անաշխատունակ է, ծույլ, մեծամիտ ու անբան։
– Արմեն Սարգսյանը եղել է վարչապետ, դեսպան, իսկ այսօր քննադատում է նախկին կառավարիչներին: Սրան ի՞նչ գնահատական կտաք:
– Արմեն Սարգսյանը ե՛ւ անցյալ է, ե՛ւ ներկա է եւ ուզում է դառնալ ապագա: 30 տարում նա մեկ-երկու տարվա ընդմիջում է ունեցել դիվանագիտական ասպարեզում, 30 տարի աշխատել է: Եվ եթե այդ 30 տարվա մեջ, մի րոպե ենթադրենք, թե ամեն ինչ վատ է արվել, ապա ամենավատը եղել է իր հատվածը: Նախ՝ որպես վարչապետ նա եկավ, տեսավ, որ աշխատել չի կարող, ու գնաց՝ վկայակոչելով իր հիվանդությունը: Եթե հիվանդ էր, թող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի աշխատանքից էլ դուրս գար: Նրան մեկ, թե երկու տարով է Ռոբերտ Քոչարյանը հեռացրել: Մոտ 25 տարի նա ներկայացրել է Հայաստանը Մեծ Բրիտանիայում, սակայն ավելի շատ ներկայացրել է իր շահերը եւ վարկաբեկել է Հայաստանը, ինչի վկայությունն այն է, որ այսօր մենք ունենք շատ վատ հարաբերություններ Մեծ Բրիտանիայի հետ:
– ՀՀ նախագահն ասում է, որ պետք է չորրորդ հանրապետություն կառուցել, իսկ Հայաստանի երրորդ հանրապետությունն այլեւս անցյալ է։ Փաստորեն, առաջարկում է խաչ քաշել այդ շրջանի վրա, որի ժամանակ հաղթեցինք, որն անկախություն նվաճելու շրջանն է եղել: Արդյոք երկրի նախագահն իրավունք ունի՞ նման արտահայտություն անել:
– Շատ տգեղ արտահայտություն է դա: Ոչ մի չորրորդ հանրապետության մասին խոսք չի կարող լինել, իսկ երրորդ հանրապետության հերն անիծողը հենց ինքն ու Փաշինյանն են եղել: Այո, այն ուներ բազմաթիվ թերություններ, բայց եթե գոնե այս երեք տարին, որ Արմեն Սարգսյանն աշխատում է նախագահ, իր տեղում լիներ, այդ պարտությունը չէինք ունենա: Հիմա նա իր պարտությունը թողած, ասում է՝ նախկիններն այնքան վատն են եղել, ուշադրություն դարձրեք նախկինների վրա ու մոռացեք իմ անպետքական լինելը:
– Դուք հավատո՞ւմ եք, որ Արմեն Սարգսյանն Անգլիայում հիմա բուժվում է:
– Ոչ, ես չեմ հավատում: Նույն ձեր թերթը գրել էր, որ թռել է Բեյրութ: Նա միշտ ծանր պահերին թռել է, եւ այսօր Մոսկվայում սպասվում են գուցեեւ ոչ հաճելի բանակցություններ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ, եւ ինքն իրեն ստրախովկա է արել:
– Ասում են՝ կորոնավիրուսով է վարակվել, ինչո՞ւ չի ապավինում մեր առողջապահության համակարգին, եթե այս երկրի նախագահն է:
– Դուք արդեն պատասխանեցիք Ձեր հարցին:
– Արմեն Սարգսյանը ելքեր է առաջարկում՝ արտահերթ ընտրություններ, Սահմանադրության փոփոխություն, տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից: Որեւէ ելք առաջարկո՞ւմ է հոդվածում:
– Դա բացարձակ անորակ հոդված է, պրիմիտիվ, ընդհանուր խոսքերի վրա հիմնված, պոպուլիստական, ինչպես միշտ: Ոչ մի քաղաքագիտական վերլուծություն: Նա առաջարկում է արտահերթ ընտրություններ, նա օգնում է Նիկոլին: Փաշինյանն էլ է առաջարկում նոր ընտրություններ: Ամբողջ հարցն այն է, թե կարո՞ղ են արդյոք Հայաստանում լինել ընտրություններ, երբ վարչապետը Նիկոլն է, ինքն էլ նախագահն է: Չէ՞ որ իշխանությունը պետք է հրաժարական տա, որ նորմալ ընտրություններ լինեն: Իսկ հոդվածի ամբողջ էությունն այն է, որ 26 տարի ոչինչ չեն արել եւ դրա պատճառով են պարտվել: Ի դեպ, ուզում եմ զգուշացնել հայ ժողովրդին՝ մինչեւ Արմեն Սարգսյանը Հայաստանից դուրս չգա, մենք ոչնչի չենք հասնելու, նա Նեռ է, պատիժ է հայ ժողովրդի գլխին: Եթե հայ ժողովուրդը դա չի հասկանում, ուրեմն եւս մի անգամ թանկ կվճարի դրա համար:
– Արմեն Սարգսյանը հոդվածում իր ծառայություններն է առաջարկում՝ համաձայնության գալու, համերաշխության կայացման հարցում: Կարո՞ղ է նա նման դեր ստանձնել:
– Դրանով Արմեն Սարգսյանը փորձում է իր տեղը պահել հայկական քաղաքական դաշտում: Բայց նա այստեղ անելիք չունի: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ: Երբ որ պատերազմից հետո նա գնաց Մոսկվա, նրա հետ նույնիսկ երրորդական չինովնիկ չհանդիպեց: Նա միայն խանգարում է մեզ: Մի անգամ չէ, որ մեզ զգուշացրել են՝ հեռու մնացեք: Հիմա նրա այս շարժումները կապված են Միացյալ Նահանգներում Բայդենի իշխանության գալու հետ: Նա ամենուրեք ասում է՝ Բայդենը ընկերս է: Ի դեպ, նույնն ասում էր Թրամփի մասին: Բոլորը նրա ընկերներն են, բոլորը նրան գիտեն: Նա Բրիտանիայում էլ լայն կապեր ունի, որի արդյունքում Բրիտանիայի հետ մենք ունենք 100 անգամ ավելի վատ հարաբերություններ, քան, ասենք, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ, որտեղ մեր դեսպանները կապ չունեն: