Երգիչ Վիգեն Ահարոնյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից: Թե ինչո՞ւ է երգիչը պասիվ գործում և այս ընթացքում ի՞նչ գործունեությամբ է զբաղված, Life.panorama.am-ը պարզել է երգչից:
«Ճիշտ է` անցնող տարվա սկզբին ակտիվ սկսեցի, միանգամից երկու տեսահոլովակ ներկայացրի, սակայն տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներից ելնելով էկրանային ակտիվություն չեղավ, բայց համերգային գործունեությունս ողջ տարվա ընթացքում չի դադարել, անընդհատ երգել եմ, պարբերաբար «Համակարգող խորհորդի» հետ միասին մեկնել եմ մեր զորամասեր ու ելույթ ունեցել մեր հերոս տղաների համար, ի դեպ` այդ ելույթները շարունակական են, արդեն ութ տարի է, ինչ մասնակցում եմ այդ կարևոր գործին»,- պատմեց Վիգենն ու շարունակեց.
«Նպատակներ կային հոկտեմբեր ամսին ևս մեկ տեսահոլովակ նկարահանել, սակայն երգը մի փոքր ձգձգվեց, ու որոշեցինք արդեն 2017-ի սկզբին դա ի կատար ածել: Ինչ խոսք, շարունակում եմ հանդիսատեսի աչքից մի փոքր հեռու աշխատել, որի ականատեսը հանդիսատեսը կլինի 2017-ին: Կարծում եմ` ավելի բուռն գործունեություն կծավալեմ նոր տարում, ի դեպ` առանց փակագծեր բացելու ասեմ, որ արդեն իսկ երկու դուետ է նախատեսված շատ տաղանդավոր երգչի ու ոչ պակաս տաղանդավոր երգչուհու հետ միասին: Անուններ չեմ տա, միայն կասեմ, որ ինքս էլ անհամբեր սպասում եմ դրանց կայացմանը, քանի որ հետաքրքիր համագործակցություններ են լինելու: Բաց սրանք, 2017-ին երկու տեսահոլովակ կլինի, որից մեկը կնկարահանեմ Աղասի Գևորգյանի «Մայր» ստեղծագործության հիման վրա»:
Վիգենը շարունակում է երևանյան ակումբներից մեկում աշխատել, նրա խոսքով` պրոդյուսեր չունեցող երգչի համար այդ աշխատանքը անհրաժեշտություն է:
Տարին գրեթե ավարտվում է, սակայն երգիչը պատրաստվում է դուետով ներկայանալ սկանդալային երգչուհի Ջուսի հետ, նաև մեկնել հյուրախաղերի ու դեռևս հստակ չգիտի` Ամանորը կանցկացնի Երևանում, թե արտերկրում.
«Մեկնելու եմ հյուրախաղերի, գրեթե մեկ ամիս չեմ լինի Հայաստանում, այնպես որ վերադառնալու եմ նոր լիցքերով»,- նշեց նա:
Մեր հարցին, երգիչը մտադրություն չունի՞ արդյոք կրկին նախագծերից մեկում ներկայանալու, թե հիասթափություն կա «Հայաստանի ձայնը» մրցույթից հետո, Վիգենը պարզաբանեց.
«Հիասթափության մասին խոսք լինել չի կարող, քանի որ շատերն են տեսել, թե ինչքան աշխատելով ես հասա եզրափակիչ փուլ: Գնահատում եմ իմ բոլոր ընկերներին ու կոլեգաներին, ովքեր մասնակցում են տարբեր նախագծերի, բայց ես այլևս հազիվ թե որոշեմ կրկին մասնակցել նման մրցույթի, քանի որ չեմ ուզում նորից մրցութային ստրեսներիի միջով անցնել: Գուցե ապագայում ցանկություն ունենամ, չգիտեմ, քանի որ ինքս ինձ մրցութային երգիչ համարում եմ: Ի դեպ` նախորդ տարի առաջարկ ունեցա մասնակցել ռուսական նույն նախագծին, բայց խորապես այդ մասին չմտածեցի, այնպես որ գուցե այս տարի փորձեմ»: