Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝ անվճար բուժծառայությունները ներառում են նաև արտահիվանդանոցային ծառայություններ: Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝ օգտվել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում են՝ ինչպես վիրահատական, այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնությունը:
ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն: