ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար:
Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը:
Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ: