Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
«Արթուր Աբրահամը վերջին անգամ մենամարտել է երկու տարի առաջ, դրանից հետո նա մենամարտեր չի ունեցել։ Բայց երկու տարի առաջ դեռ չէր որոշել կարիերան ավարտել»,– ասաց Գրիգորյանը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն այժմ զբաղվում է իր անձնական հարցերով, ընտանիքով, ինչպես նաև աշխատում է իր վաղուց փայփայած նախագծի վրա։
«Դեռ 10 տարի առաջ Արթուր Աբրահամը ձեռք է բերել հողատարածք իր հայրական թաղամասում` Ներքին Չարբախում, և ծրագրել է այդտեղ մշակութային կենտրոն բացել։ Կենտրոն կկարողանան հաճախել թե՛ տղաները, թե՛ աղջիկները, կլինեն տարբեր խմբակներ»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ 41-ամյա Արթուր Աբրահամը 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ Նա 2009-ից հանդես էր գալիս երկրորդ միջին քաշային կարգում։ 2015–ին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։