
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Դրանից հետո մաքսային մարմիններն իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ որոշման դրույթների պահպանման նկատմամբ։