ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մատնանշեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, ըստ իրեն, միտված են հետպատերազմյան շրջանում բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Պապոյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Պատերազմը թողել է խորը սոցիալ-տնտեսական վերքեր, որոնք պետք է օր առաջ վերացնել: Եվ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ կառավարությունն ու ԱԺ-ն այժմ բավականին ակտիվ աշխատում են՝ բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները նոր շունչ, նոր թափ ու էլի ավելի առարկայական տեսք կստանան»,-ասաց պատգամավորը:
Պապոյանն այս համատեքստում անդրադարձավ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների, որոնք արդեն կամ ընդունվել են կամ ընդունման ընթացքի մեջ են: Նրա խոսքով՝ դրանց նպատակն է նոր աշխատատեղերի ստեղծումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, Հայաստանում ներդրումների խթանումը, մարդկանց կյանքի որակի բարելավումը, տնտեսության և բիզնեսի առջև ծառացած խնդիրների վերացումը:
Պապոյանը հիշեցրեց օրենսդրական նախաձեռնություններից մեկի մասին, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին գործող օրենքով սահմանված կադաստրային արժեքից մի քանի անգամ ավելի ցածր կադաստրային արժեքով օրինականացնել իրենց ինքնակամ շինությունները: Ըստ նախագծի՝ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործեն նախկին կադաստրային արժեքները:
«Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է արագացված ամորտիզացիայի մասին օրենքի նախագծի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ մեկ տարով: Դա մեր գործարարներին, ներդրողներին, որոնք պետք է ներդրում կատարեն առաջիկա մեկ տարվա ընթացքում, հնարավորություն կտա սարքեր ձեռքբերելու, շենքեր կառուցելու դեպքում ծախսագրումները կատարել ոչ թե սահմանված երկար ժամանակահատվածում, այլ իրենց հարմար ցանկացած պահի»,-ասաց Պապոյանը:
Պատգամավորը մատնանշեց մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով մի շարք ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: