Նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ նշանակումը, մեղմ ասած, ոգեւորությամբ չի ընդունել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Թորոսյանի և Ավագյանի հարաբերությունները լարվածության մասին մամուլում բազմիցս անդրադարձ եղել է, նաեւ նշվել, որ Արսեն Թորոսյանն անգամ և Կառավարության Տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի դեմ բողոքել է Նիկոլ Փաշինյանին։ Արսեն Թորոսյանը համարում է, թե նրանք առողջապահությունից ոչինչ չեն հասկանում և համակարգի խնդիրների լուծմանը չեն աջակցում։ Ավելին՝ Հակոբ Ավագյանին Արսեն Թորոսյանը մեղադրել է անգամ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում առողջապահական տեսչության աշխատանքները ձախողելու մեջ՝ իրականացված քայլերը որակելով ծիծաղելի, անարդյունավետ, երբեմն նույնիսկ խանգարող:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար նշանակվելով Արսեն Թորոսյանը փաստացի դարձել է Հակոբ Ավագյանի ղեկավարը եւ նրանց հետագա համատեղ աշխատանքը կասկածահարույց է։ Ի դեպ, հայտնի է, որ Հ.Ավագյանն իր կառավարման ոլորտը փորձել է զերծ պահել քաղաքականությունից ու ի տարբերություն մի շարք այլ պետական հիմնարկների, չի պարտադրել իր աշխատակիցներին, որ մասնակցեն Փաշինյանի կազմակերպած դեկտեմբերի 19-ի Սգո երթին։ Նա հայտարարել է, որ իրենք պետական ծառայողներ են ու քաղաքականությունն իրենց բանը չէ, ինչի մասին հայտնի է դարձել նաեւ կառավարությանը։
Այս ամենի համատեքստում մոտ ապագայում բացառված չեն տհաճ անակնկալները՝ Հակոբ Ավագյանին և Արթուր Ասոյանին՝ ընդհուպ աշխատանքից ազատվելու տեսքով։ Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվում է նաեւ նրանց հնարավոր պաշտոնանկության հարցը։ Համենայն դեպս, Արսեն Թորոսյանը համարվում է ընդդիմախոսներին չեզոքացնելու մեծ վարպետ, ավելին՝ նա տիրապետում է բավական մեծ ինֆորմացիայի նաեւ Նիկոլ Փաշինյանի մասին, որոնք վարպետորեն օգտագործում է իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար։