26-ամյա Ալլա Իգիթյանը, թեեւ մասնագիտությամբ ծրագրավորող է եւ արդեն մեկ տարի է, ինչ ապրում ու աշխատում է Գերմանիայում, ոչ պակաս ակտիվությամբ շարունակում է զբաղվել նաեւ երաժշտությամբ, որն իր կյանքում ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան, պարզապես, հոբբին: Տարիներ առաջ Ալլան ինքնուրույն սովորեց կիթառ նվագել, այնուհետեւ սկսեց երգեր գրել, բայց դրանով էլ չբավարարվեց` հաճախեց Երգի պետական թատրոն` երգեցողությունը կատարելագործելու համար: Այսօր նա YouTube-ի իր ալիքում, պարբերաբար, ներկայացնում է տեսահոլովակներ, որոնք թե որակով, թե բովանդակությամբ տարբերվում են այն ամենից, ինչ սովոր ենք տեսնել հայկական եթերով:
NEWS.am STYLE-ն ինքնատիպ ճաշակ ու երաշտական ոճ ունեցող ծրագրավորողի հետ զրուցել է իր ամենամեծ նախասիրության մասին:
«Հիշում եմ, երբ տարիներ առաջ սովորում էի Ֆիզմաթ դպրոցում ու հստակ որոշել էի, որ ծրագրավորող եմ դառնալու, դպրոցից տուն վերադառնալիս ամեն օր բարձր երաժշտություն էի միացնում, երգում էի ու պատկերացնում, թե իմ համերգն է (ծիծաղում է): Ու չնայած նրան, որ կարծում էի՝ դա բոլորովին ռեալիստիկ չէ, ինձ այդ պահերին այնքան երջանիկ էի զգում, որ անընդհատ մտածում էի՝ ինչ կարելի է անել, որ երաժշտությունն իմ կյանքում ավելի շատ լինի։ Առաջին քայլը վոկալի դասերի գնալն էր, որի շնորհիվ աստիճանաբար վստահություն ձեռք բերեցի ու սկսեցի ավելի լրջորեն մտածել դրա մասին։ Այդ պահից սկսած շարունակում եմ տարբեր քայլեր անել. կարծում եմ՝ եթե այնքան հաջողակ ես, որ կյանքում ունես մի բան, որ քեզ այսքան դրական լիցքեր է պարգեւում, պետք է ոչինչ չխնայես դրա մեջ ներդնելու համար»,-ասում է Ալլան, որին առավել հոգեհարազատ է ամերիկյան քանթրի ոճը:
Ամբողջությամբ՝ style.new.am