Ո՞րն է շաքարավազի գնի բարձրացման պատճառը. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություն է կատարել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ո՞րն է շաքարավազի գնի բարձրացման պատճառը. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություն է կատարել. armeniasputnik.am

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2021-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում։ ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շաքարավազի գների բարձրացման պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություն է կատարվել։

Երեկ Sputnik Արմենիան անդրադարձել էր այս խնդրին` ներկայացնելով, որ չնայած շաքարավազի շուկայում ներմուծողների թիվն էապես` 10-ով ավելացել է, սակայն դրա գինը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճել է։

ՏՄՊՊՀ–ի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով, շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով։ Բացի այդ, տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում՝ ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով։

Միաժամանակ շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը և տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):

ՏՄՊՊՀ—ն տեղեկացնում է նաև, որ վերոհիշյալ գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել շաքարավազի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի հետևանքով 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (328 դրամ) շաքարավազի միջին մանրածախ գինը 2021-ի հունվարի 11-ին բարձրացել է շուրջ 5%-ով (344 դրամ)։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ–ն 2018-ի հունվարից մինչև 2019-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել էր շաքարավազի շուկան, որի հիման վրա հետաքրքիր պատկեր էր ստացվել։ Մասնավորապես, 2018 և 2019 թթ. իրացման առավել խոշոր ծավալներ են ունեցել «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ–ները և «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ–ն։ Վերջիններիս իրացման ծավալը ընդհանուր իրացման ծավալում 2018 թվականին կազմել էր 98%, իսկ 2019-ին` 96%։

armeniasputnik.am