Հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ու Հայաստանի հարաբերություններին է անդրադարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր «Ժողովրդավարությունն անգին է» հոդվածում։
«Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։
Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն և ներառական տնտեսական աճին աջակցելը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը և համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի»,-մասնավորապես նշված է հոդվածում։
ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը շեշտում է, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։
«Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»,-ասել է նա։
Լին Թրեսյիի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում ու մեջբերել նախագահ Բայդենի միտքը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։
Դեսպանը հավաստիացրել է, որ հայ ընկերների և գործընկերների հետ նպաստելու են ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորի համար։