Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:
Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը.
«Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը:
Չորս ամիս է անցել Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելուց, և ամեն օր ավելի պարզ են դառնում ձեր իրական դրդապատճառներն ու նպատակները: Մարդիկ ստիպված են դիմանալ ձեր ստերին և մանիպուլյացիաներին, որոնք կոչված են ամոթալի պարտության և այսօրվա ապակառուցողական գործընթացների պատասխանատվությունը բարդելու ցանկացած մեկի վրա, բացի ձեզանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից:
Այսօր, փաստորեն, Դուք կանգնած եք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած և պատերազմում հաղթած երկրի՝ Ադրբեջանի: ՀՀ Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ ձեր ելույթը սրա հստակ հաստատումն էր: Շուշիի բնակչության 90%-ն ադրբեջանցիներ լինելու մասին ձեր խոսքերը հերթական սուտն են և մանիպուլյացիան, որոնց նպատակը կարող է լինել միայն Ալիևի ջրաղացին ջուր լցնելու, նրա ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև սեփական դավաճանությունն արդարացնելու և օրինականացնելու ցանկությունը:
Ինչո՞ւ չհիշեցիք, որ անհիշելի ժամանակներից Շուշիի բնակչության մեծ մասը հայեր էին, չե՞ք պատմել, թե ինչպես և ինչ պայմաններում է փոխվել այս քաղաքի բնակչության էթնիկ կազմը: Հայերի և ադրբեջանցիների ո՞ր հարաբերակցությունն է ամրագրվել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև բանակցային գործընթացում:
Ինչո՞ւ ձեզ չի հետաքրքրում Ալիևին հանձնված հայկական գյուղերի ճակատագիրը, որոնք այժմ բնակեցված են ադրբեջանցիներով, որոնք նախկինում երբեք չեն ապրել այնտեղ, ինչու՞ չեք խոսում այն մասին, թե մոտ ապագայում ինչպես կարող է փոխվել բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր տարածաշրջանում ՝ սկզբնապես հայկական հողերում:
Դուք անտարբեր եք մարդկանց վշտի ու տառապանքի, Հայաստանի ճակատագրի, Սփյուռքի հայության վիճակի նկատմամբ, որն, ի դեպ, դեռ պատասխան չի ստացել այն հարցի առնչությամբ, թե ինչ հիմքով եք այդքան ցուցադրական և անտեղի տնօրինել աշխարհի տարբեր երկրներից պատերազմի ընթացքում ուղարկված բարեգործական ֆոնդերը:
Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը:
Կամքի բացակայություն ցուցաբերելով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ձեզ թելադրված ցանկացած փաստաթղթի վրա, դուք նախանձելի եռանդով և ցանկացած մեթոդներով պաշտպանում եք ինքներդ ձեզ և ձեր շրջապատը, որը մեղավոր է Արցախում կրած պարտության և Հայաստանը մասնատող գործողությունների համար:
Ամեն ինչ անելով երկրի բնակչությունն ու զինված ուժերը բարոյալքելու համար կամ ձեզ պատերազմը կանգնեցրած «փրկչի» դեր վերագրելով, կամ ժողովրդին պատերազմով վախեցնելով, ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այժմ նոր վտանգավոր խաղ եք խաղում և հող նախապատրաստում նոր պատերազմի համար:
Այն պատճառով, որ չէիք ցանկանում ժամանակին դադարեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր ու տարածքներ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից: Եվ այսօր, աջակցելով ձեզ և ժամանակին չկանգնեցնելով ձեզ և չդադարեցնելով ձեր լիազորությունները, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամները ձեզ հետ կրում են քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, մարդկային կյանքերի և հողերի կորուստների պատասխանատվությունը:
Չհեռանալու ձեր համառ ցանկությամբ՝ ոչ միայն ընդլայնում ք հարցերի շրջանակը, որոնց համար ստիպված կլինեք պատասխան տալ ժողովրդին, այլ նաև այս շրջանակում ներառում եք նոր անձանց, առաջին հերթին բոլոր նրանց, որոնք, ըստ օրենքների, Հայաստանում կարող են դադարեցնել Ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, բայց դա չեն անում և դրանով իսկ դառնում են մեր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ խաբեության և դավաճանության հանցակիցը»: